Երեխաներին որդեգրում են օրգանների վաճառքի համար. Արարատ Միրզոյան
Կառավարությունն առաջարկում է փոխել ընտանեկան օրենսգիրքը։ Որդեգրված երեխաները չափահաս դառնալուց հետո իրենց մասին ամբողջ ճշմարտությունն իմանալու իրավունք կունենան։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
«Փորձը ցույց է տալիս, որ որդեգրվածն ուզում է տեղեկություններ ստանալ իր կենսաբանական ծնողների մասին: Որոշ դեպքերում նույնիսկ որդեգրողներն իրենց նախաձեռնությամբ են փորձում կապ հաստատել որդեգրված երեխայի կենսաբանական ծնողների հետ, տեղեկություններ ստանալ նրանց մասին, ինչպես նաև աջակցել երեխային նշված հարցերում: Լինում են դեպքեր, երբ որդեգրողները երեխայի բնակության վայրի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում գրություն (նամակ) են թողնում երեխային որդեգրելու մասին, իրենց տվյալներն են փոխանցում»,– ասաց նախարարը։
Իսկ նախագծի ընդունման դեպքում 18 տարին լրացած անձը կկարողանա դիմում ներկայացնել ՔԱԿԳ և տեղեկանքներ ստանալ իրեն որդեգրելու փաստի մասին, որտեղ կլինեն որդեգրումից առաջ իր անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաև կենսաբանական ծնողների անձնական տվյալները` ազգություն, արյան խումբ, հիվանդություններ։
Նիստի ընթացքում, անդրադառնալով որդեգրված երեխաների ճակատագրին, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երեխաների օրգանները վաճառելու նպատակով որդեգրման դեպքեր են արձանագրվում:
«Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ, պարոն վարչապետ: Եվ ես իմ գործունեության մի քանի ամիսների ընթացքում համառորեն փորձել եմ այդ կծիկը քանդել և շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չէ: Եվ ամեն ինչ շատ մոտ է բացահայտվելուն, բայց այդպես էլ արդյունք չեմ կարողացել արձանագրել: Ընդ որում, գումարները, որոնց մասին խոսում ենք, սկսվում են ծննդատներից և շարունակվում են մյուս հաստատություններում, միայն այսբերգի գագաթն է: Շատ ավելի ցավալի իրողության հետ գործ ունենք՝ մասնավորապես, երեխաների օրգանների վաճառքի: Այդ թվում՝ և արտասահման որդեգրվող: Մենք նաև արդարադատության նախարարի հետ ենք խոսում՝ ստուգելու դա: Փաստաթղթային առումով մինչ այս պահը եղածը բավարար է, գոհացուցիչ է, ոչ մի վատ դեպք չի բացահայտվել»,- ասաց Միրզոյանը:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ինչի՞ մասին է խոսքը: Արարատ Միրզոյանն ասաց, որ երբեմն կեղծ կամ ոչ կեղծ մարդիկ տարբեր երկրներից երեխաներ են որդեգրում, որոնք չունեն ծնողներ, և հետագայում այդ երեխաները կարող են զրկվել իրենց մեկ երիկամից կամ այլ օրգանից: Դա կա աշխարհում, և Հայաստանը միակ երկիրը չէ, ասաց Միրզոյանը:
«Այդպիսի դեպք է գրանցվե՞լ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
«Հենց էդ եմ ուզում ձևակերպեմ, որ օդում կախված համառ լուրեր կան, որ այդպիսի բաներ կան»,- ասաց Արարատ Միրզոյանը:
«Դե դրանք սխալ թեմաներ են, կներես, էս ընթացքում ճնշումս մի քիչ բարձրացավ»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Զրույցին միջամտեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա ասաց, որ Արարատ Միրզոյանի նշած դեպքերի մասին երբեք ինֆորմացիա չեն ստացել: Ասաց, որ գործընթացը մշտապես գտնվում է իրենց վերահսկողությա տակ: