ՀՔԾ–ն ապօրինություն է կատարել. Մայրապետյանի փաստաբանական խումբ
Հատուկ քննչական ծառայությունը, մի ապօրինությունը վերացնելով, կատարել է մեկ այլ ապօրինություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը՝ անդրադառնալով ՀՔԾ–ի այն որոշմանը, որ վերադարձրել են Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից։ «Սույն թվականի հունվարի 8-ին ՀՔԾ-ն վերջապես գրավոր պատասխանել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի դիմումին և վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, չնայած նրան, որ տոներից առաջ ՀՔԾ քննիչը բանավոր մերժել էր այդ նույն դիմումը: Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն այս քայլն արել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում: Զավեշտալի է, սակայն, այն հանգամանքը, որ վերադարձնելով Մայրապետյանի անձնագիրը, նույն պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր առարկել է, որ Սամվել Մայրապետյանը ՀՀ-ից մեկնի, ավելին՝ պատասխանում ասված է, որ Մայրապետյանի Հայաստանից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի որպես քննությունից թաքնվելու գործողություն: Եզրակացություն. ՄԻԵԴ-ի ճնշման ներքո՝ ՀՔԾ-ն ստիպված լինելով շտկել է իր մեկ ապօրինի գործողությունը, սակայն միաժամանակ կատարել է մեկ այլ ապօրինություն. առանց որևէ հիմնավորման, կյանքին և առողջությանը սպառնացող ակնհայտ վտանգի առկայության պարագայում Մայրապետյանին զրկել է անհետաձգելի բուժում ստանալու իրավունքից: Հաշվի առնելով, որ Սամվել Մայրապետյանի գործով զբաղվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, լիահույս ենք, որ այս հարցը ևս կստանա իր արդարացի լուծումը և Սամվել Մայրապետյանին վերջապես հնարավորություն կընձեռվի բուժում ստանալ Գերմանիայի այն նույն կլինիկայում, որտեղ արդեն մեկ անգամ փրկել են նրա կյանքը: Հիշեցում. գործարար, հ2 հեռուստաընկերության տնօրեն և սեփականատեր Սամվել Մայրապետյանը, դեկտեմբերի 27-ից դատարանի որոշմամբ գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ, առ այսօր շարունակում է մնալ հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ»,– ասված է խմբի տարածած հայտարարության մեջ։

Քաղաքականություն