ՔԿ-ն վերադարձրել է Yerevan.Today-ի համակարգչային տեխնիկան
Քննչական կոմիտեն վերադարձրել է Yerevan.Today-ի համակարգչային տեխնիկան: Այս մասին հայտարարություն է տարածել կայքի խմբագրությունը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրեց Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեին մեկ համակարգիչ և չորս կոշտ սկավառակի փորձաքննության համար անհրաժեշտ եղավ 100 օր։ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի՝ դեկտեմբերի 10-ի գրավոր հարցմանը Քննչական Կոմիտեի պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը պատասխանել էր, որ փորձաքննությունը կավարտվի 2018թ. դեկտեմբերի 27-ին։
Այժմ, երբ փորձաքննությունն ավարտվել է, քննչական մարմնից պահանջում ենք հայտարարությամբ հանդես գալ, թե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործին առնչվող ի՞նչ են հայտնաբերել լրատվամիջոցից առգրաված համակարգիչներում։
Նույնը պահանջելու խնդրանքով դիմում ենք մեր գործընկերներին՝ լրատվամիջոցներին և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։
Մենք ջանք չենք խնայի իրավական և քաղաքական ճանապարհով հասնելու մեր կայքի համբավն արատավորելուն միտված քայլերի մերկացմանը։ Միևնույն ժամանակ, շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ խնդիրը մեզ հետ միասին հետևողականորեն բարձրաձայնելու համար։
Հավելենք, որ անցնող 100 օրերի ընթացքում Yerevan.Today-ի աշխատանքը մեծավ մասամբ խափանվել է, քանի որ մենք չենք կարողացել աշխատել մեր հնարավորությունների ամբողջ ծավալով։ Այժմ ևս խափանված մնալու է, քանի որ մենք չենք բացելու այս համակարգչային սարքավորումները և չենք օգտագործելու, քանի դեռ չունենք քննչական մարմնի եզրակացության վրա հիմնված հայտարարությունը։
Իսկ ՔԿ հայտարարությունից հետո տեխնիկան կօգտագործվի համակարգչային մասնագետների կողմից ամբողջ ծավալով ուսումնասիրություններից հետո, որպեսզի վստահ լինենք՝ այդ տեխնիկայով աշխատում ենք միայն մենք՝ Yerevan.Today-ի աշխատակազմը, այլ ոչ՝ քննչական մարմինների հետ զուգահեռաբար»։