ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ԲՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է 390 ֆեյք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է թվով 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ` ֆեյքեր, համացանցում բարձր սատարում ունենալու տպավորություն ստեղծելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որի փաստերի ստուգման թիմի անդամներից մեկին հաջողվել է «աշխատանքի անցնել» այդ կառույցներից մեկում, ինչի արդյունքում կարողացել է պարզել այն ամենը, ինչը ներկայացվում է ստորև․ «Եվ այսպես, փաստացի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կից գործող «Միացյալ առաջնորդների պալատ» հասարակական կազմակերպությունը ղեկավարում է պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնական Լիաննա Մանուկյանը։ 21-ամյա այս աղջիկը, սակայն, պատգամավորի օգնականի հաստիքում գրանցված լինելով հանդերձ, ղեկավարել է «ՄԱՊ» կոչվող այս ՀԿ-ն, որի առաքելությունը եղել է Վահե Էնֆիաջյանի դրական քարոզչությունը Ֆեյսբուքում։ Կազմակերպության անդամները բաժանված են եղել մի քանի խմբերի, որոնցից ամեն մեկին տրվել են ֆեյսբուքյան 5-ական ֆեյքերի մուտքանուններ և գաղտնաբառեր, որոնցով վերջիններս պարտավոր են եղել աշխատել։ Նախապես մշակված ծրագրով մեր թիմի ներկայացուցիչ Օֆելյա Սիմոնյանին հաջողվեց հայտնվել «ֆեյքերի բանակում»։ Լիաննա Մանուկյանի հետ հարցազրույցի բարեհաջող ավարտից հետո ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ Օֆելյան պետք է զբաղվի ԲՀԿ PR-ով և դրա դիմաց վճարվի՝ ամսական 100 հազար դրամի չափով։ Որևէ տեսակի աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, սակայն, չստորագրվեց, Օֆելյան հարկային մարմիններում չգրանցվեց (ինչը վարչական իրավախախտում է։ Պայմանավորվածությունից մի քանի օր անց Լիաննա Մանուկյանը մեր թիմակցին ավելացրեց ֆեյսբուքյան հատուկ խումբ, որտեղից էլ պետք է հանձնարարականներ տար»։ ՀԿ-ն ներկայացրել է այն 5 ֆեյքի մուտքանունները, որոնք իրենց թիմակցին էր փոխանցել Լիաննա Մանուկյանը և ընդգծել, որ եթե ԲՀԿ երիտասարդական կառույցներից իրենց թիմակից Օֆելյա Սիմոնյանի նկատմամբ հնարավոր սպառնալիքների առկայության դեպքում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմելու է իրավապահ մարմիններին։ Մանրամասները՝ https://fip.am/5378?fbclid=IwAR2-Kg2q1qeJ_AadZvoc4EdZt-jF7t1WcD0FSTEM8WsYv_hNAmDXUR4C9tU

Քաղաքականություն