Ի՞նչ հետևանք կունենա Վիտալի Բալասանյանի հայտարարությունը. «Ժողովուրդ» 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը երեկ լրագրողները հետ զրույցում հայտարարել է. «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է,… Չեմ հասկանում այդ հոդվածը, 0038 հրամանում այդպիսի բան չկա: Ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք, կասեք՝ ամոթ է մեզ, էս ինչի՞ պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որին ցանկացած երկրում կգնան, զորքը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին, դուք տեսե՞լ եք, որ զորքը այն ժամանակ կրակի»: Համաձայնվեք, որ Վիտալի Բալասանյանը ՀՀ իշխանությունների հասցեին շատ կոշտ, նույնիսկ վիրավորական է արտահայտվել: Մի հանգամանք, որը մեղմ ասած անթույյլատելի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե մարտի 1-ի բացահայտումը Փաշինյանի իշխանության համար ինչ կարեւոր դեր ունի եւ որ իշխանություններն էլ ըստ էության համամիտ են ներկայացված մեղադրանքների հետ: Բայց Վիտալի Բալասանյանի կողմից սա առաջին դեպքը չէ: Օրինակ, երբ ամիսներ առաջ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարություններից հետո թյուրըմբռնում եղավ, Վիտալի Բալասանյանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց, ու կրկին՝ անհաջող: Ընդ որում նա նույնքան կոշտ արձագանքեց նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Մարտի 1-ի թեմայով Բալասանյանի հայտարարությունները կարող են միանգամայն այլ պատճառ ունենալ: քանի որ մշտապես խոսվել է մարտի 1-ին նաեւ Արցախից հատուկ ջոկատայիններ բերելու մասին, Վիտալի Բալասանյանն այսպիսի հայտարարություններով փորձում է այլ տեղ տանել եւ խուսափել բացահայտումներից, ինչպես նաեւ ըստ էության փորձում է անուղղակի աջակցություն հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ առհասարակ, ԼՂ իշխանությունների առանձին ներկայացուցիչների պահվածքը ժամանակ առ ժամանակ անտանելի է դառնում, եւ տրամաբանությունը հուշում է, որ այդ հայտարարությունները պետք է հետեւանք ունենան: Մինչ այդ, թերեւս տեղին է հիշեցնել նաեւ 2017 թվականի ամառվա դեպքերը, երբ նա խոստումներ տվեց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին, սակայն դրանց տերը չեղավ»:

Քաղաքականություն

Պատահարներ