Սիդնեյում կրակոցներից հետո մուսուլմանական գերեզմանատանը հայտնաբերել են խոզի գլուխներ
Սիդնեյի արևմտյան հատվածում գտնվող մուսուլմանական գերեզմանատանը հայտնաբերել են խոզի գլուխներ, գրում է Daily Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել երեկվա ահաբեկչությունից հետո, երբ Սիդնեյի լողափերից մեկում երկու զինված տղամարդ կրակ են բացել մարդկանց ուղղությամբ։ Զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ կրակողներից մեկը։
Նախնական տվյալներով՝ հարձակվողներն են 24-ամյա Նավիդ Աքրամը և նրա 50-ամյա հայրը՝ Սաջիդ Աքրամը։ Սիդնեյի մուսուլմանական համայնքի առաջնորդներն արդեն հայտարարել են, որ հրաժարվում են անցկացնել նրանց հուղարկավորության ծեսերը կամ ընդունել մարմինները։ «Մեզանից ոչ ոք չի արդարացնում նրանց գործողությունները, սա անմեղ խաղաղ բնակիչների սպանություն է»,- ասել է դոկտոր Ջամալ Ռիֆին։
Հարձակումը տեղի է ունեցել հրեական Հանուկա տոնի առաջին օրը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև ինքնաշեն պայթուցիկ սարքեր։ Երկրորդ կրակողը վիրավորվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ RT-ի տվյալներով՝ տուժածների թվում կա Ռուսաստանի քաղաքացի, որի ձեռքը հրազենային վնասվածք է ստացել։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն առաջարկել է խստացնել երկրում զենքի շրջանառությունը կարգավորող օրենսդրությունը։





























