ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրի ամբողջական տեքստը:
«Ընդգծելով Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության (այսուհետ՝ «Կողմեր») համատեղ ցանկությունն ու վճռականությունը՝ խորացնելու իրենց հարաբերությունները քաղաքականության, տնտեսության, պաշտպանության,անվտանգության, արդարադատության, մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի ոլորտներում, ինչպես նաև ուսումնասիրելու դրանց ընդլայնման հնարավորությունները նոր ոլորտներում,
Հաստատելով իրենց գործընկերության հիմքում ընկած հիմնարար արժեքները, ներառյալ՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման
հանձնառությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատություններիպաշտպանությունն, ինչպես նաև բազմակողմանիության և կանոնների վրա
հիմնված միջազգային կարգի խթանումը,
Մնալով հավատարիմ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությունում և
Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակներին և սկզբունքներին,
Նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը,
Վերահաստատելով Հայաստանի ձգտումը ամրապնդելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային և սոցիալական կապերը Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ,
Բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգով, ընդհանուր առաջնահերթությունների և նպատակների վրա հիմնված երկկողմ համագործակցության համար համապարփակ և արդյունավետ շրջանակ ապահովելու մտադրությամբ՝
Կողմերը հայտնում են իրենց վճռականությունը ամրապնդելու երկկողմ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության հաստատման միջոցով:
1. Քաղաքական երկխոսություն, տարածաշրջանային և միջազգային համագործակցություն
1.1. Կողմերը, ըստ անհրաժեշտության, կպահպանեն և կակտիվացնեն բարձր մակարդակի շփումները երկու պետությունների քաղաքական առաջնորդների և գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև:
1.2. Կողմերը պարբերական քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն արտաքին գործերի նախարարի տեղակալի կամ վարչության պետի և քաղաքական տնօրենի կամ նրա տեղակալի մակարդակով՝ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր փոխանակելու և դիրքորոշումները համակարգելու նպատակով:
1.3. Ընդգծելով Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման կարևորությունը՝ Կողմերը կխթանեն երկկողմ թեմատիկ կանոնավոր խորհրդակցությունների հաստատումը՝ կենտրոնանալով ԵՄ չափանիշներին Հայաստանի մոտարկմանն ուղղված աջակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի («CEPA») և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի լիարժեք և արդյունավետ իրականացման առաջմղման, ինքնիշխանության և դիմակայունության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:
1.4. Կողմերն ակտիվորեն կհամագործակցեն միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ՆԱՏՕ-ի, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, ԵԱՀԿ-ի և միջազգային ֆինանսական ինստիտուտների շրջանակներում՝ սակայն չսահմանափակվելով դրանցով:
1.5. Կողմերը կաշխատեն ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման և ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի լիակատար հարգման, ինչպես նաև արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերի ապահովման ուղղությամբ:
1.6. Ճանաչելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության հռչակագրի կարևորությունը և «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի հիման վրա՝ Լյուքսեմբուրգը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանը և հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, ինչպես նաև միջպետական սահմանների սահմանազատման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։
2. Անվտանգություն, արդարադատություն և պաշտպանություն
2.1. Կողմերը ճանաչում են անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ներուժը և համաձայն են շարունակել ուսումնասիրել այս ոլորտում համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները:
2 2.2. Պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջ կմղվի ինչպես բարձր, այնպես էլ աշխատանքային մակարդակներում ներգրավմամբ՝ համաձայն 2025թ. հուլիսի 11-ին ստորագրված՝ «ՀՀ պաշտպանության նախարարի և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համատեղ մտադրությունների նամակի:
2.3. Երկու պետությունները կհամագործակցեն միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում՝ անվտանգության համատեղ մարտահրավերները հասցեագրելու նպատակով:
2.4. Կողմերը հաստատում են իրենց հանձնառությունը պահպանելու ազատ, բաց, անվտանգ և փոխգործունակ կիբեռտիրույթը:
2.5. Կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ ներդաշնակեցնելու և ամրապնդելու համագործակցությունը լայնամասշտաբ կիբեռսպառնալիքներին առավել արդյունավետ հակազդելու նպատակով: Համագործակցությունը կարող է մասնավորապես կենտրոնանալ պետություն-մասնավոր գործընկերության ամրապնդման և երկու երկրներում կիբեռանվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հմտությունների զարգացման խթանման վրա:
2.6. Համատեղ ջանքերը կկենտրոնանան կիբեռհարձակումների հայտնաբերման, կանխարգելման և խափանման, կիբեռդիմակայունության ամրապնդման և ռազմավարական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտում փորձի և քաղված դասերի փոխանակման վրա:
2.7. Կողմերը կուսումնասիրեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համատեղ միջոցառումները, ներառյալ՝ տեխնիկական համագործակցությունը և իրավապահ մարմինների կարողությունների զարգացումը:
2.8. Համագործակցությունը կներառի նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը:
2.9. Կողմերը կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն ապատեղեկատվության, հանրային դիվանագիտության և հարակից ոլորտներում՝ փորձի փոխանակման և առկա խնդիրների հասցեագրման նպատակով:
2.10. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կզարգացնեն փոխշահավետ համագործակցություն արտաքին տեղեկատվական մանիպուլյացիային և միջամտությանը հակազդելու գործում՝ ամրապնդելով երկու երկրների պետական և մասնավոր հաստատությունների միջև փոխգործակցությունը:
2.11. Կողմերը կուսումնասիրեն արդարադատության ոլորտում, այդ թվում՝ քրեակատարողական և մարդու իրավունքների ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավորությունները:
3. Տնտեսութուն, կայունություն և էներգետիկ համագործակցություն
3.1. Կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունն՝ ըստ հնարավորության զարգացնելու և ընդլայնելու տնտեսական և առևտրային հարաբերություններն՝ առաջնահերթություն տալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին:
3.2. Կողմերը կխթանեն իրենց համապատասխան ֆինանսական հաստատությունների համագործակցությունը՝ համաձայն իրենց ազգային օրենսդրության:
3.3. Կողմերը կուսումնասիրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկությունների և հետազոտական նախաձեռնությունների խթանման հնարավորությունը՝ հիմնվելով Լյուքսեմբուրգի փորձառության և Հայաստանի զարգացող տեխնոլոգիական ոլորտի վրա:
3.4. Տնտեսական համագործակցությունը հետագայում կընդլայնվի տնտեսական շահագրգիռ կողմերի և ստարտափների միջև հաղորդակցության խթանման միջոցով:
3.5. Ճանաչելով Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող՝ համաշխարհային առևտրային շուկաների սահմանափակ հասանելիությամբ երկրի առջև ծառացած բազմակողմանի մարտահրավերները՝ կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային կապակցվածության խթանման համար՝ այդ թվում միմյանց նախագծերին աջակցելու միջոցով, ինչպիսին է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
3.6. Համագործակցությունը կուղղվի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի խթանմանն, ինչպես նաև կանաչ տնտեսության անցմանը:
3.7. Կողմերը կուսումնասիրեն գյուղատնտեսության, այդ թվում՝ խելացի գյուղատնտեսության, կայուն սննդի, սննդի անվտանգության ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները և կխթանեն գյուղատնտեսական առևտրի դյուրացմանն իրենց ազգային օրենսդրության շրջանակներում:
3.8. Համագործակցությունը կուղղվի Հայաստանի և Լյուքսեմբուրգի էկոհամակարգերում կլիմայի փոփոխության մարտահրավերների հասցեագրմանը:
3.9. Կողմերը կխթանեն գործարար, բարձր տեխնոլոգիական համաժողովներին և տոնավաճառներին մասնակցությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Լյուքսեմբուրգում՝ որպես շահագրգիռ կողմերի միջև շփման, գաղափարների փոխանակման և համագործակցության հաստատման հարթակ:
3.10. Կողմերը կզարգացնեն համագործակցությունն էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ կանաչ ջրածնի և վերականգնվող էներգիայի նախագծերի զարգացման հարցերում:
4. Կրթություն, գիտություն, մշակույթ և սպորտ
4.1. Կողմերը կխթանեն համագործակցությունը երկու երկրների բարձրագույն կրթական հաստատությունների, հետազոտական կազմակերպությունների և կենտրոնների, ինչպես նաև դպրոցների միջև, մասնավորապես՝ եվրոպական ծրագրերի շրջանակներում:
4.2. Հաշվի առնելով, որ մշակույթն ու արվեստն ունեն իրական արժեք և էական դեր ժողովրդավարության ու խաղաղության պահպանման համար՝ փորձագետների կանոնավոր փոխանակումների և համատեղ նախագծերի միջոցով մշակութային համագործակցությունը կկենտրոնանա ընդհանուր և եվրոպական հետաքրքրություն ներկայացնող մշակութային քաղաքականության և գործունեության վրա, մասնավորապես՝ մշակութային ժառանգության և գեղարվեստական արտահայտման ազատության ոլորտներում: Կողմերը նաև կքննարկեն երկու երկրների միջև կրթաթոշակային ծրագրերի իրականացման հնարավորությունները:
4.3. Ճանաչելով զբոսաշրջության կարևորությունը՝ որպես փոխըմբռնումը խթանող միջոց՝ Կողմերը բաց են զբոսաշրջության հետ կապված երկխոսության, ներառյալ՝ հյուրընկալության ոլորտում փորձի և մշակութային հնարավոր փոխանակումների համար:
4.4. Կողմերը կխրախուսեն երիտասարդության ոլորտում ավելի սերտ համագործակցությունը և կխթանեն երիտասարդության ոլորտի դերակատարների միջև փոխանակման ծրագրերը երիտասարդական աշխատանքի համատեքստում:
4.5. Ճանաչելով կինոյի և տեսալսողական արվեստների ոլորտում միջազգային համագործակցության, փորձառության, լավագույն փորձի և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև պրոդյուսերների, ռեժիսորների և այլ մասնագետների միջև կապերի հաստատման կարևորությունը՝ կողմերն իրենց ազգային օրենսդրության շրջանակներում կխթանեն Հայաստանի կինոյի հիմնադրամի և Լյուքսեմբուրգի կինոյի ֆոնդի միջև համագործակցությունը:
5. Համագործակցություն տիեզերքի և տեխնոլոգիայի ոլորտում
Կողմերը կուսումնասիրեն տիեզերական և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ինչպես նաև Հայաստանի և Լյուքսեմբուրգի տիեզերական ոլորտների միջև հնարավոր գործընկերություններ հաստատելու հնարավորությունները:
6. Ջրային ոլորտ
Կողմերը կուսումնասիրեն ջրային տվյալների թվայնացման և նորարարական մոնիտորինգային համակարգերի ոլորտներում ներդրումների և տեխնիկական համագործակցության խթանմանն ուղղված փորձի փոխանակման ուղիները։
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Սույն համատեղ հռչակագիրը չի ստեղծում իրավական ուժ ունեցող որևէ պարտավորություն կամ ֆինանսական հանձնառություն, եթե երկու Կողմերի միջև այլ բան գրավոր չի համաձայնեցվել:
7.2. Սույն համատեղ հռչակագիրը չի խոչընդոտում Կողմերի համաձայնությամբ համագործակցության նոր ոլորտների բացահայտմանը և զարգացմանը։
7.3. Սույն համատեղ հռչակագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և մնում ուժի մեջ, եթե Կողմերից որևէ մեկը չդադարեցնի այն՝ այդ մասին նախապես ծանուցելով վեց (6) ամիս առաջ:
Ստորագրված է Լյուքսեմբուրգում 2025թ. դեկտեմբերի 16-ին անգլերեն երկու բնօրինակով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը:





























