Քաղաքականություն

Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին

Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնական ծրագրերը՝ պատասխանելով քաղաքացիների 6 ամենահաճախ տրվող հարցերին։1․ Ի՞նչ…


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնական ծրագրերը՝ պատասխանելով քաղաքացիների 6 ամենահաճախ տրվող հարցերին։




1․ Ի՞նչ աջակցություն կարող է ստանալ ընտանիքը երեխայի ծննդյան դեպքում


Երեխայի ծննդով պայմանավորված՝ պետությունը տրամադրում է՝

մայրության նպաստ,
երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ,
երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ ամսական 50 հազար դրամ,
հիփոթեքային վարկի մարման աջակցություն՝ երեխայի ծնվելու դեպքում։




2․ Չաշխատող քաղաքացին կարո՞ղ է ստանալ մայրության նպաստ

Այո։ Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող քաղաքացիները։

Չաշխատող անձանց դեպքում նպաստի չափը 172 698 դրամ է։ Աշխատող անձանց դեպքում այն հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի հիման վրա։

Նպաստը ստանալու համար առանձին դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հղիության 210-րդ օրը լրանալուց հետո անհրաժեշտ է դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և նշել նախընտրած բանկը։




3․ Որքա՞ն կլինի երեխայի ծննդյան միանվագ նպաստը

2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

Դիմումը հնարավոր է ներկայացնել առցանց՝ e-social.am հարթակում⁠ կամ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոնում։




4․ Որքա՞ն է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը

Ամսական նպաստի չափը տարբեր է՝ կախված ծնողի կարգավիճակից։

Խնամքի արձակուրդում չգտնվող ծնող՝ 31 600 դրամ
Խնամքի արձակուրդում գտնվող ծնող՝ 37 500 դրամ
Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող՝ 69 100 դրամ

Գյուղաբնակ ծնողը կարող է ստանալ ամսական 69 100 դրամ մինչև երեխայի 2 տարին լրանալը, եթե ծնողն առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրում, իսկ դիմելու պահին երեխան ևս հաշվառված է այնտեղ։

Դիմել հնարավոր է երեխայի 70 օրականը լրանալուց հետո՝ e-social.am հարթակի⁠ միջոցով կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում։




5․ Երրորդ երեխայի դեպքում որքան է կազմում 50 հազար դրամ նպաստը

Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող 50 հազար դրամը վճարվում է ամեն ամիս՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։

Դիմումը նույնպես հնարավոր է ներկայացնել առցանց կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում։




6․ Երեխայի ծնվելու դեպքում պետությունը կարո՞ղ է օգնել հիփոթեքի մարմանը

Այո։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում ընտանիքը կարող է ստանալ միանվագ աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Աջակցության չափը՝



Առաջին կամ երկրորդ երեխայի դեպքում՝ մինչև 500 հազար դրամ

Երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 միլիոն դրամ

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկը տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։



Այսպիսով, երեխա ունեցող ընտանիքների համար պետական աջակցությունը ներառում է ինչպես ծննդյան պահին տրամադրվող միանվագ վճարներ, այնպես էլ ամսական նպաստներ և հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250