Ո՞վ է ԵՄ-ում մեր «Լոռին» ու «Չանախը» գնելու. փորձագետը` կաթնամթերքի արտահանման մասին
Հայաստանից դեպի Եվրոպական միություն կաթնամթերքի արտահանումն անիմաստ և անիրատեսական է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է «Հայ կաթ» կաթնամթերք արտադրողների միության ղեկավար Խաչատուր Պողոսյանը` անդրադառնալով ՀՀ–ում արտադրված կաթնամթերքը ԵՄ արտահանելու հեռանկարը։
ՌԴ–ն հուլիսի 27-ից սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները համոզված են, որ դեպի ՌԴ արտահանվող գյուղմթերքի և կաթնամթերքի սահմանափակման արդյունքում Հայաստանը ռիսկի տակ է դնում իր կաթնամթերքի արտահանման եկամուտների ճնշող մեծամասնությունը, քանի որ վերջին տվյալներով՝ արտահանվող կաթնամթերքի շուրջ 78.3%-ն ուղղվում էր հենց ռուսական շուկա։ Ռուսաստանի սահանափակումներից հետո տեսակետներ հնչեցին, որ ՀՀ իշխանությունը շուտով կհայտարարի, թե եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար։
«Մենք այն երկիրը չենք, որ կաթնամթերք, մասնավորապես պանիր արտահանենք դեպի ԵՄ։ Եվրոպան գուցե այծի կամ ոչխարի լավ պանիր ընդունի, բայց ո՞վ է գնելու մեր «Լոռի» ու «Չանախ» տեսակները։ Եվրոպական շուկաներում տարբեր տեսակի հազարավոր տոննաներով պանիրներ են արտադրվում։ ԵՄ–ն թույլ կտա՞` մենք պանիր արտահանենք այնտեղ։ Գուցե հայկական մեծ համայնք ունեցող ու հայ մեծ տնտեսվարող ունենալու դեպքում մոտ 100 կգ արտահանվի, բայց դա չի նշանակում, որ եվրոպական շուկա մտանք։ Մեր «Մոցարելա», «Գաուդա», «Պարմեզան» տեսակի պանիրնե՞րն է գնելու»,– ասել է Պողոսյանը։
Նա ընդգծել է, որ առհասարակ Հայաստանը շատ քիչ կաթնամթերք է արտահանել երկրից, հիմնականում պանիրն է եղել։ Ըստ փորձագետի` Հայաստանը տարեկան մոտ 26 000 տ պանիր է արտադրում, իսկ Ռուսաստան արտահանվել է մոտ 2000-3000 տ։
«Չեմ կարծում, թե կաթնամթերքը ՌԴ չարտահանելու դեպքում գյուղատնտեսությունը, պանրի արտադրությունը մեծ վնաս կկրի։ Վնաս կլիներ, եթե մինչ այս արտահանվեր պանրի 50%–ը, իսկ այս դեպքում խնդիր չկա։ Լուրջ հարված չի լինի, քանի որ մեր արտադրած կաթնամթերքի ավելի քան 90%–ը սպառում է ներքին շուկան»,– ասաց Պողոսյանը` հավելելով, որ հայկական կաթնամթերքը հիմնականում Վրաստան է արտահանվում։
Փորձագետն ընդգծել է` այնուամենայնիվ ՀՀ–ն շուկա է կորցնում, ու այս սահմանափակումների համար պետք է դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` պարզելու խնդրի պատճառները։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։