«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նորընտիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեռևս չի շտապում ամբողջ կազմով մտնել խորհրդարանական աշխատանքի դաշտ։
Օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ուրբաթ կամ շաբաթ նախատեսվում է խմբակցության հանդիպումը գործարար Սամվել Կարապետյանի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն ոչ միայն քաղաքական առաջնահերթությունները, այլև խորհրդարանում բաժանվելիք առանցքային պաշտոնները։
Մեր տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանը, նախքան խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցելը, ցանկանում է անձամբ հստակեցնել իր թիմի հետագա անելիքները և վերջնական համաձայնության բերել ապագա պաշտոնական նշանակումների հարցերը։ Փաստացի, «Ուժեղ Հայաստանի» ներսում առանցքային որոշումները կայացվում են ոչ թե խորհրդարանական հարթակում, այլ թիմի քաղաքական «կենտրոնում»։
Օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ արդեն իսկ որոշում կա, որ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» կառաջադրի պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Եթե այս որոշումը վերջնական հաստատվի, Վարդևանյանը կդառնա ընդդիմադիր դաշտից նոր խորհրդարանի ամենաբարձր պաշտոններից մեկի հավակնորդը։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնը նախատեսվում է վստահել Նարեկ Կարապետյանին։ Խմբակցության քարտուղարի հարցում դեռևս վերջնական որոշում չկա, սակայն այս պահին ամենաքննարկվող թեկնածուն պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է։
Այս բոլոր նշանակումները պետք է վերջնական քննարկվեն Սամվել Կարապետյանի հետ սպասվող հանդիպման ընթացքում, որից հետո միայն խմբակցությունը կմասնակցի օգոստոսի 2-ին կայանալիք Ազգային ժողովի անդրանիկ նիստին։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել Ազգային ժողովի երեք մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։
Խոսքը վերաբերում է՝
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, որը դիտարկվում է որպես խմբակցության գլխավոր քաղաքական թիրախ,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որի նախագահի պաշտոնում նախատեսվում է առաջադրել Դավիթ Ղազինյանին,
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովին։
Սակայն այստեղ կա մեկ կարևոր հանգամանք․ Դ’Օնթի բանաձևով հանձնաժողովների բաշխման գործընթացում առաջին ընտրության իրավունքը պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Սա նշանակում է, որ եթե ՔՊ-ն որոշի վերցնել նշված հանձնաժողովներից որևէ մեկը, «Ուժեղ Հայաստանի» նախնական ծրագրերը կարող են լրջորեն վերանայվել։
Այսպիսով, թեև «Ուժեղ Հայաստանում» խորհրդարանական պաշտոնների և պատասխանատվության ոլորտների նախնական բաշխումն արդեն ուրվագծվում է, վերջնական պատկերը պարզ կդառնա Սամվել Կարապետյանի հետ նախատեսվող հանդիպումից և խորհրդարանական հանձնաժողովների բաշխման շուրջ քաղաքական պայմանավորվածություններից հետո»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձ...