ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումները նոր փուլ են մտնում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած որոշմամբ հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության նոր կանոնները, որոնց մի շարք դրույթներ ուղղակիորեն առնչվում են հավատարմագրված լրագրողների մասնագիտական գործունեությանը։
Նոր կանոններով փաստացի ավելի է սահմանափակվում լրագրողների ազատ տեղաշարժն ու աշխատանքը խորհրդարանում․ հավատարմագրված լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն հատուկ առանձնացված վայրերում։ Իսկ այլ հատվածներում աշխատելու համար պետք է ստանան ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությունը։
Այսինքն՝ հավատարմագրումը, որն ինքնին պետք է լրագրողին հնարավորություն տա խորհրդարանում իրականացնել իր մասնագիտական աշխատանքը, այլևս բավարար չէ․ որոշ դեպքերում լրագրողը ստիպված է լրացուցիչ թույլտվություն ստանալ հենց այն կառույցից, որի գործունեությունը լուսաբանում և հանրային վերահսկողության է ենթարկում։
Բայց սահմանափակումները դրանով չեն ավարտվում։ Նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին լրագրողների ներկայությունն ապահովելու համար նրանց ցուցակը պետք է ներկայացվի նիստի մեկնարկից առնվազն երկու ժամ առաջ։ Իսկ այսպես կոչված «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողներին ընդհանրապես արգելվում է մասնագիտական գործունեություն իրականացնել։
Հարց է առաջանում՝ ի՞նչ չափանիշներով են որոշվելու այդ գոտիները, որքանո՞վ են սահմանափակումները համաչափ անվտանգության իրական պահանջներին, և արդյոք դրանք չեն վերածվելու լրագրողներին պատգամավորներից ու պաշտոնյաներից հեռու պահելու վարչական գործիքի։
Առավել խնդրահարույց է նաև Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունները կատարելիս տեսաձայնագրելու կամ լուսանկարելու արգելքը։ Հենց լրագրողական տեսախցիկն է բազմաթիվ դեպքերում արձանագրել խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերը, ուժի կիրառումը ընդդիմադիրների նկատմամբ, լրագրողների աշխատանքի խոչընդոտումը և հանրային նշանակություն ունեցող այլ իրադարձություններ։ Այժմ նման իրավիճակներում լրագրողի տեսախցիկը կարող է պարզապես արգելվել այն հիմնավորմամբ, որ կադրում ՊՊԾ ծառայողն իրականացնում է իր պարտականությունները։
Կանոններում ամրագրված է նաև, որ պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանց արգելվում է «անհարկի միջամտել կամ այլ կերպ խանգարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը», «վիրավորական արտահայտություններ անել» և չկատարել Պահպանության ծառայության ծառայողի՝ օրենքից ու կանոններից բխող պահանջները։ Այսինքն՝ նաև խմբագրական գործառույթ է ստանձնել ԱԺ աշխատակազմը և կորոշի՝ որն է վիրավորանք, որը՝ ոչ։
Սակայն հատկապես լրագրողների աշխատանքի դեպքում «անհարկի միջամտություն» ձևակերպումը կարող է խնդրահարույց լինել, եթե հստակ սահմանված չէ, թե որն է դրա իրավական սահմանը։ Սուր հարցը, պատգամավորին հարց տալով քայլելը, հետևելը, կրկնակի հարց ուղղելը կամ պատասխան պահանջելը չպետք է վարչական հայեցողությամբ որակվեն որպես խորհրդարանի բնականոն աշխատանքին խանգարող վարքագիծ։ Թեպետ նկատելի է, որ հենց դա է արվելու։
Մեկ այլ կարևոր դրույթը վերաբերում է արտաքին տեսքին։ ԱԺ այցելուներից պահանջվում է ունենալ «պատշաճ արտաքին տեսք», արգելվում է մուտք գործել ոչ միայն մարզական կամ աշխատանքային հագուստով, այլև՝ «ոչ պատշաճ, ոչ ներկայացուցչական հագուստով»։ Թե ով և ինչ չափանիշներով է որոշելու՝ հագուստը «ներկայացուցչակա՞ն» է, թե՞ ոչ, կանոններից առնվազն հստակ չէ։ Նման գնահատողական ձևակերպումները մշտապես կամայական կիրառման վտանգ են պարունակում։
Միաժամանակ կանոնները բավական հստակ են արտոնությունների հարցում։ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների անցակետերով առանց ստուգման մուտքի և ելքի իրավունք ունեն Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու նրանց ուղեկցող անձինք։ Նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ավտոմեքենաները ևս անցնում են առանց զննության։
Լրագրողների համար, մինչդեռ, սահմանված է անգամ խորհրդարանում գտնվելու առանձին ժամանակահատված՝ ժամը 08։00-ից մինչև 19։00-ն։ Եթե ԱԺ նիստը շարունակվում է, նրանք կարող են մնալ մինչև դրա ավարտը։
Այս ամենը ներկայացվում է որպես անվտանգության կանոնակարգում, սակայն անվտանգությունը չի կարող դառնալ լրագրողական գործունեությունը վարչական թույլտվությունների, հատուկ գոտիների և անորոշ ձևակերպումների մեջ սահմանափակելու համընդհանուր հիմնավորում։
Ազգային ժողովը սովորական վարչական շենք չէ։ Այն քաղաքական բանավեճի, հանրային վերահսկողության և հաշվետվողականության առանցքային հարթակներից է, իսկ լրագրողները խորհրդարանում պարզապես «այցելուներ» չեն։ Նրանք այնտեղ են հանրությանը տեղեկություն փոխանցելու, պատգամավորներին ու պաշտոնյաներին հարցեր ուղղելու և այն գործընթացները արձանագրելու համար, որոնք քաղաքացին ֆիզիկապես չի կարող անձամբ տեսնել։
Ուստի խնդիրը միայն այն չէ, թե լրագրողը ԱԺ որ միջանցքում կարող է կանգնել կամ որտեղ կարող է միացնել տեսախցիկը։ Խնդիրը շատ ավելի սկզբունքային է՝ արդյո՞ք անվտանգության անվան տակ խորհրդարանը հերթական անգամ մեծացնում է լրագրողի և իշխանության ներկայացուցչի միջև ֆիզիկական ու վարչական պատնեշը։
Եթե հավատարմագրված լրագրողին թույլատրվում է աշխատել միայն նախապես առանձնացված հատվածներում, այլ վայր գնալու համար պահանջվում է գլխավոր քարտուղարի թույլտվություն, որոշ տարածքներում մասնագիտական աշխատանքն ամբողջությամբ արգելվում է, իսկ ՊՊԾ ծառայողների գործողությունների տեսաձայնագրումը սահմանափակվում է, ապա խոսքը միայն «անվտանգության կանոնների» մասին չէ։ Խոսքը խորհրդարանում լրագրողական աշխատանքի հնարավորությունների էական նեղացման մասին է։
Եվ այստեղ իշխանությունը պետք է պատասխանի պարզ հարցի՝ ո՞ւմից է պաշտպանվում Ազգային ժողովը՝ անվտանգության իրական սպառնալիքներից, թե՞ լրագրողների տեսախցիկներից ու անհարմար հարցերից»,- ասվում է հոդվածում: