ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին
ԱՄՆ-ն չորեքշաբթի նոր հարվածներ է հասցրել Իրանին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «ավելի լավ է իրեն ճիշտ պահի», հակառակ դեպքում Վաշինգտոնը պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ հարվածների թիրախում են եղել Հորմուզի նեղուցում նավերի անվտանգությանը սպառնացող իրանական ռազմական օբյեկտները, ինչպես նաև հրամանատարական կետերը, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային ու անօդաչու համակարգերը և ափամերձ վերահսկողության ենթակառուցվածքները, այդ թվում՝ Բանդար Աբբասում։
Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ հակաօդային պաշտպանությունը գործարկվել է Թեհրանում, իսկ Ահվազ քաղաքում հրթիռային հարվածների պատճառով տարհանվել են մարդկանց։
Իրանը հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական թիրախներին, այդ թվում՝ Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում։ Հորդանանի իշխանությունները հայտնել են, որ իրենց զինված ուժերը խոցել են ութ անօդաչու թռչող սարք, զոհեր և ավերածություններ չեն արձանագրվել։
Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը «պատճառ չունի» պահպանելու ԱՄՆ-ի հետ ձեռք բերված հուշագիրը, եթե այն չի բխում Իրանի շահերից։ Նրա խոսքով՝ բանակցություններն ու ռազմական գործողությունները Իրանի «դիմադրության ռազմավարության» բաղկացուցիչ մասերն են։
Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին, եթե Թեհրանը հաջորդ շաբաթ չվերադառնա բանակցությունների։ Լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստվում է վերջնաժամկետ սահմանել, նա պատասխանել է. «Ես չեմ սիրում վերջնաժամկետներ տալ, բայց նրանք գիտեն իրավիճակը… Ավելի լավ է իրենց ճիշտ պահեն»։
Միաժամանակ Թրամփը հայտնել է, որ Իրանը որպես «բարի կամքի քայլ» ազատ է արձակել 2024 թվականի դեկտեմբերից կալանքի տակ գտնվող ամերիկացի Դենա Կարարիին, որն արդեն լքել է Իրանի տարածքը և վերադառնում է ԱՄՆ։
CENTCOM-ը նաև հայտարարել է, որ շարունակվում է Իրանի նավահանգիստների նկատմամբ վերականգնված ծովային շրջափակումը։ ԱՄՆ-ի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում վերաուղղորդվել է երկու առևտրային նավ, իսկ Իրանի ափամերձ շրջանների ուղղությամբ նավարկությունը շարունակում է սահմանափակված մնալ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ի պատասխան հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է «սպասի նավթի և գազի արտահանման այլ երթուղիների փակմանը», որոնք սպասարկում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը։ Այս հայտարարության ֆոնին Հորմուզի նեղուցում լարվածությունը շարունակում է բարձր մնալ, ինչը կրկին հանգեցրել է համաշխարհային նավթային գների աճին։