Ալիևի կոչը ԱՄՆ-ին․ ամբողջությամբ չեղարկել հայամետ սենատորների նախաձեռնած 907-րդ ուղղումը
Ամերիկյան օրենսդրության 907-րդ ուղղումն ընդունվել է հայամետ սենատորների ազդեցությամբ և անարդար բնույթ է կրել։ Այս մասին, Շուշիում ընթացող «Մեդիայի առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերածնունդ» խորագրով Շուշիի IV գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Report»-ը։
«Այդ պատճառով Ադրբեջանը զրկվել էր ԱՄՆ ֆինանսական օգնությունից։ Տպավորություն էր ստեղծվում, թե Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչը չէր համապատասխանում իրականությանը»,- նշել է նա։
Ադրբեջանի նախագահը նաև հավելել է, որ ներկա պայմաններում 907-րդ ուղղման գործողությունն արդեն կորցրել է իր արդիականությունը։
«Նախ՝ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը՝ նախագահ Թրամփի մասնակցությամբ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը միակողմանիորեն ամբողջությամբ հանել է Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները. ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից, Ղազախստանից և այլ ուղղություններից։ Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան, և այդ ցուցանիշն արդեն գերազանցում է 10 հազար տոննան»,- ասել է նա։
Ալիևը կրկին կոչ է արել ամբողջությամբ չեղարկել 907-րդ ուղղումը՝ ընդգծելով, որ համապատասխան որոշումը, իր կարծիքով, պետք է կայացնի ԱՄՆ Կոնգրեսը։
«Ցավոք, չնայած նախագահ Թրամփի վճռական դիրքորոշմանը, այն դեռևս մնում է ուժի մեջ։ Որքան շուտ ԱՄՆ Կոնգրեսը չեղարկի այն, այնքան լավ կլինի թե՛ Ադրբեջանի, թե՛ բոլորի համար, քանի որ այդ դեպքում խտրականությունը կվերանա, և Կոնգրեսը ցույց կտա իր պատասխանատվությունն ու իրավասությունը։ Դա նաև կնշանակի, որ նրանք ընդունում են իրենց սխալները և քայլեր են ձեռնարկում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին համահունչ։ Այնպես որ, հուսով ենք, որ դա տեղի կունենա»,- պնդել է Ադրբեջանի նախագահը։