ԵՄ-ն կարող է արդեն սեպտեմբերից սահմանափակել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրա արդեն սեպտեմբերին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ կառույցների աղբյուրներին։
Արդեն սեպտեմբեր ամսին Եվրոպական հանձնաժողովը հնարավոր է սահմանափակումներ սահմանի երեխաների կողմից սոցիալական ցանցերից օգտվելու նկատմամբ։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անձամբ է պաշտպանում նշված նախաձեռնությունը։ Երկուշաբթի օրը կառույցը նախատեսում է հրապարակել փորձագիտական խմբի զեկույցը, որը վերաբերում է անչափահասների վրա սոցիալական ցանցերի թողած ազդեցությանը։
Աղբյուրները նշել են, որ այս փաստաթուղթը կոչված է ապահովելու գիտական հիմք սահմանափակումների համար և համոզելու դրանց հարցում կասկածներ ունեցող անդամ երկրներին՝ աջակցելու քայլերին։ Այս նախաձեռնությունը բանավեճերի պատճառ է դարձել ԵՄ-ում. Էստոնիայի արդարադատության և թվային հարցերի նախարար Լիիսա-Լի Պակոստան Եվրոպական հանձնաժողովին մեղադրել է կողմնակալության մեջ՝ նշելով. «Եթե նախապես որոշել եք, որ արգելք է լինելու, և այնուհետև փնտրում եք դա հիմնավորելու ուղիներ, ապա դա որոշակիորեն կողմնակալ մոտեցում է թվում»։ Փաստաթղթի պատրաստմանը ներգրավված որոշ փորձագետներ նույնպես դեմ են արտահայտվել լիակատար արգելքին՝ հորդորելով հաշվի առնել երեխաների իրավունքները և կիրառել պաշտպանության ավելի ճկուն միջոցներ համատարած սահմանափակումների փոխարեն։
Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական պետություններ արդեն իսկ նախապատրաստում են սեփական արգելքները. Ֆրանսիան ցանկանում է տարիքային սահմանափակումներ ներդնել մինչև սեպտեմբեր, իսկ Դանիան ու Հունաստանը նախատեսում են դա անել մինչև տարեվերջ։ Միացյալ Թագավորությունը, որը ԵՄ անդամ չէ, ավելի վաղ արգելափակել էր անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր։