Ռուբեն Մելիքյանը հույս ունի, որ Արմեն Աշոտյանի անազատությունը երկար չի տևի
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ պաշտպանական կողմը շարունակում է բողոքարկել Աշոտյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումները և դրանց հետ համաձայն չէ։
«Ես հիմա այնպիսի տպավորություն ունեմ, որ պետք է պաշտպանեմ մի որոշում, որը մենք բողոքարկում ենք։ Բնականաբար, դրա հետ համաձայն չեմ։ Համաձայն չենք եղել նաև երկրորդ քրեական գործով մեկամսյա սկզբնական կալանքի որոշման, ինչպես նաև այն որոշման հետ, որով կալանքը կրկին մեկ ամսով երկարաձգվեց»,– նշել է նա։
Փաստաբանի խոսքով՝ թեև քննիչը միջնորդել էր կալանքը երկարացնել երկու ամսով, դատարանը մասնակի է բավարարել այդ միջնորդությունը՝ սահմանելով մեկամսյա ժամկետ։
Մելիքյանը նշել է, որ նախաքննության և դատաքննության փուլերը տարբեր իրավական ռեժիմներ ունեն։ Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում քննիչները պնդում են, որ դեռևս պետք է իրականացվեն նոր քննչական գործողություններ, իսկ պաշտպանական կողմը նույնպես շահագրգռված է, որպեսզի դրանք կատարվեն և վերանան այն ռիսկերը, որոնց վրա հիմնվել է կալանքի միջնորդությունը։
Փաստաբանը նաև ընդգծել է, որ Արմեն Աշոտյանի երկրորդ քրեական գործը գտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում։
«CDI միջազգային քաղաքական ընտանիքը մոտ մեկ ամիս առաջ հստակ անդրադարձել է Արմեն Աշոտյանի գործին, մտահոգություն հայտնել և հիշեցրել, որ առաջին գործով նա ճանաչվել էր քաղբանտարկյալ։ Այս գործը նույնպես միջազգային ուշադրության կենտրոնում է, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս անազատությունը երկար չի տևի»,– ասել է Մելիքյանը։