Եթե ես այդ ժամանակ դա չանեի, այսօր իսկապես ինձ պետք էր դատել անգործության համար. Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը դատական նիստում հայտարարել է, որ հրամանագիրը ստորագրելու պահին իրավիճակն արդեն ծայրահեղ լարված էր։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ արդեն եղել էին շուրջ 40-45 վնասված մեքենաներ, տասնյակ վիրավոր զինծառայողներ, որոնցից մեկը հետագայում մահացել է։
Քոչարյանը նշել է, որ այն ժամանակ ոստիկանության զորքերը հիմնականում կազմված էին 18-19 տարեկան ժամկետային զինծառայողներից, և ստեղծված իրավիճակում ինքը գործել է իր լիազորությունների շրջանակում։
«Եթե ես այդ ժամանակ դա չանեի, այսօր իսկապես ինձ պետք էր դատել անգործության համար»,– ասել է նա՝ հավելելով, որ իր գործողությունների իրավական գնահատականը դատախազության գործառույթը չէ։
Նա պնդել է, որ քրեական գործում իր դեմ այլ կոնկրետ գործողություն նկարագրված չէ, և գործը կառուցված է քաղաքական ենթադրությունների վրա։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններին՝ Քոչարյանը հայտարարել է, որ երբեք Հանրապետական կուսակցության անդամ չի եղել, չի մասնակցել կուսակցության նախընտրական քարոզարշավին և Սերժ Սարգսյանին շնորհավորել է միայն նրա ընտրվելուց հետո։
Քոչարյանի խոսքով՝ մեղադրանքում տեղ գտած իշխանության փոխանցման վերաբերյալ ձևակերպումները հակասում են Սահմանադրությանը։
«Սահմանադրությունը իշխանության փոխանցման նման ընթացակարգ չի նախատեսում։ Նախագահի լիազորությունները չեն փոխանցվում մեկ նախագահից մյուսին, այլ ավարտվում են, և նորը ստանձնում է պաշտոնը Ազգային ժողովում երդվելուց հետո»,– ասել է նա։
Նախկին նախագահը նաև դժգոհել է, որ դատարանում իր բարձրացրած հարցերի վերաբերյալ դատախազությունը պատասխաններ չի տալիս՝ պնդելով, որ գործը քաղաքական բնույթ ունի։
«Ես համոզված եմ, որ սա քաղաքական պատվեր է։ Եթե նախկինում նման պատվերները SMS-ներով էին փոխանցվում, հիմա դրանք հրապարակային են հնչում։ Սա քաղաքական հայտարարություն չէ, այլ փաստի արձանագրում»,– ասել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ իր նկատմամբ իրականացվող դատավարությունն ունի քաղաքական շարժառիթներ։