ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել 75 երկրների վիզային արգելքը
Նյու Յորքի դաշնային դատարանը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից 75 երկրների քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման արգելքը՝ այդ քաղաքականությունը ճանաչելով օրենքին հակասող և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լիազորությունների սահմաններից դուրս, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Մանհեթենի դաշնային շրջանային դատարանի դատավոր Ժանեթ Վարգասը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը փաստացի կարգադրել էր մերժել վիզաների տրամադրումը դիմողներին բացառապես նրանց քաղաքացիության հիմքով, նույնիսկ եթե նրանք կարող էին ապացուցել, որ չեն լինելու պետական օգնությունից կախված։
Հունվարին Պետդեպարտամենտը կասեցրել էր ներգաղթի վիզաների մշակումը աշխարհի երկրների մոտ 40%-ի համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Հայիթիի և Սոմալիի։ ԱՄՆ իշխանությունները որոշումը բացատրել էին նրանով, որ արգելում են պոտենցիալ նպաստ ստացողների մուտքը երկիր։
Սակայն ամերիկյան օրենսդրությունը նախատեսում է, որ որոշումը, թե արդյոք ներգաղթյալը կարող է դառնալ այսպես կոչված public charge՝ պետական աջակցությունից պոտենցիալ կախված անձ, պետք է ընդունվի անհատապես՝ հաշվի առնելով նրա ֆինանսական վիճակը, տարիքը, առողջական վիճակը, հմտություններն ու ընտանեկան հանգամանքները։
Վարգասը նշել է, որ Ռուբիոյի հրահանգը դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին պարտադրում էր մերժել դիմողներին նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք ներկայացնում էին իրենց ֆինանսական ինքնուրույնության լրացուցիչ ապացույցներ։ Դատավորի կարծիքով, նման ընթացակարգի դեպքում «ելքը կանխորոշված է», և վիզան միևնույն է մերժվելու է։
Դատարանը նաև եկել է այն եզրակացության, որ այս քաղաքականությունը խախտում է 1965 թվականի օրենքը, որն արգելում է վիզաների տրամադրման ժամանակ խտրականությունը ազգության հատկանիշով։ Միևնույն ժամանակ, օրենքով նախատեսված այլ հիմքերով մերժման որոշումները մնում են ուժի մեջ։
Սահմանափակումները վերաբերում էին ԱՄՆ-ում մշտական բնակության համար ներգաղթի վիզաներին, այդ թվում՝ ընտանիքների վերամիավորման և աշխատանքի տեղավորման նպատակով։ Զբոսաշրջային և ուսանողական ոչ ներգաղթային վիզաները արգելքի տակ չէին ընկնում։
Դատավորը կողմերին ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի 11-ը՝ գործի հետագա քննության վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար։ Թրամփի վարչակազմը կարող է բողոքարկել որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլո...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...
Սեուտայի լողափում շուրջ 200 միգրանտ ակցիա է անում
Սեուտայի Տրամպոլին լողափի ինքնաբուխ ճամբարում հանգրվանած շուրջ 200 միգրանտներ ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայն պահանջելո...
Ոստիկանության պետը` առանց վարորդական իրավունքի մեքենա վարողների մասին
Արձանագրվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային...