Վլադիմիր Զելենսկին Բելառուսից պահանջել է հեռացնել ռազմական տեխնիկան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմի հենց սկզբից օգտագործել է Բելառուսի տարածքը հրթիռային հարվածներ հասցնելու համար։
Նրա խոսքով՝ դա պատճառ է դարձել խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահվան։ Զելենսկին նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն նախկինում ընդունել է, որ ամբողջությամբ չի վերահսկում իրավիճակը, և նույնիսկ ներողություն է խնդրել, սակայն Կիևը դա չի դիտարկում որպես պատասխանատվությունից խուսափելու հիմք՝ Բելառուսի տարածքն օգտագործելու համար։
Ուկրաինայի նախագահի գնահատմամբ՝ Ռուսաստանը կշարունակի Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը, իսկ Ուկրաինան կարձագանքի բելառուսական տարածքից բխող ցանկացած սպառնալիքի։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանի մոտ՝ Բելառուսի տարածքում, կան տեխնիկական միջոցներ, որոնք, ըստ նրա, օգտագործվում են հարվածների ժամանակ կրակն ուղղորդելու համար, և պահանջել է ապամոնտաժել դրանք։
Հոնդուրասի նախագահ Նասրի Ասֆուրայի հետ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զելենսկին Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ ասել է. «Ավելորդ խոսքերի կարիք չկա: Նրա աշտարակների վրա վերահաղորդիչներ կան։ Ուկրաինային սահմանակից երկու մարզերի երկայնքով՝ նրա տարածքում, տեղակայված է տեխնիկա, որն ուղղորդում է մեր ժողովդի վրա արձակվող կրակը: Թող հեռացնի այդ տեխնիկան: Կարծում եմ՝ մեկ շաբաթը նրան կհերիքի դա անելու համար: Որովհետև հիմա դրա պատճառով ամեն օր մեր խաղաղ բնակիչներն են զոհվում, երեխաներ են վիրավորվում: Եթե նա դա չանի, մենք կանենք»:
Զելենսկին նաև հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Բելառուսի նավթավերամշակման ոլորտը մասնակցում է ռուսական բանակին վառելիքով ապահովելու գործին, և որ Ուկրաինան քայլեր է ձեռնարկում այդ հոսքերը սահմանափակելու համար։ Անդրադառնալով բելառուսցի երեխաներով ավտոբուսի անօդաչուի հարվածին՝ նա հայտարարել է, որ տվյալների համաձայն՝ Ուկրաինան կապ չունի այդ հարձակման հետ, իսկ նման միջադեպերը որակել է հնարավոր սադրանք՝ Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու համար։