Իրանն ուժեղացրել է վերահսկողությունը Հորմուզի նեղուցում․ լարվածությունը տարածաշրջանում աճում է
Իրանը կրկին խստացրել է նավերի անցման ռեժիմը Հորմուզի նեղուցում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նեղուցի շրջանում լսվել են նախազգուշական կրակոցներ, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռադիոկապով կոչ է արել նավերին չմոտենալ տարածքին։ Ներկայումս այս տեղեկությունների պաշտոնական հաստատում չկա։
Միաժամանակ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ նավերի անցումը շարունակում է մնալ հնարավոր, սակայն միայն նախնական հայտ ներկայացնելու և սահմանված պահանջները կատարելու դեպքում։
Այս քայլերը, ըստ վերլուծաբանների, կարող են ազդել ԱՄՆ-ի և Իրանի միջև նախնական համաձայնության գործընթացի վրա, որը վերջերս քննարկվել էր նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Թեհրանը պահանջում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, սակայն Իսրայելը հայտարարել է, որ իրեն չի պարտավորված համարում այդ պայմաններով։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ի գիշերը Իսրայելի բանակը հարվածներ էր հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» ավելի քան 80 թիրախի, այդ թվում՝ հրամանատարական կետերի և ռազմական ենթակառուցվածքների։
Միևնույն ժամանակ, այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները Շվեյցարիայում հետաձգվել են․ Վաշինգտոնը այն բացատրել է լոգիստիկ դժվարություններով, իսկ «Հեզբոլլահին» մոտ աղբյուրները, ինչպես հայտնում է գերմանական BILD պարբերականը, նշել են, որ Թեհրանը հետաձգում է պատվիրակության ուղարկումը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի պատճառով։