Քաղաքականություն

Դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներն ինչի կհանգեցնեն․ Գալստյանը՝ պարզաբանում է

Դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներն ինչի կհանգեցնեն․ Գալստյանը՝ պարզաբանում է

Դեպի ՌԴ մեր ընդհանուր ապրանքային արտահանումը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 6%-ը, սակայն խնդիրները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական ապրանքներին և մշակող ու սննդի արդյունաբերության մի քանի ճյուղերին, ուստի իրադարձությունների բացասական զարգացման դեպքում դա կարող է հանգեցնել ՀՆԱ-ի կրճատման՝ ընդհուպ մինչև 2%։ Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։



Նա մանրամասն անդրադարձել է դեպի Ռուսաստան արտահանման ներկայիս սահմանափակումներին և դրանցից բխող տնտեսական ռիսկերին։ Նրա գնահատմամբ՝ գլխավոր հարցն այն է, թե տնտեսությունն ինչպիսի դիմակայունություն կցուցաբերի պատժամիջոցների շարունակման կամ ՌԴ կողմից ներմուծման ու արտահանման պայմանների խստացման դեպքում։ Կենտրոնական բանկն այս ուղղությամբ զգայունության վերլուծություն է իրականացրել՝ առանձնացնելով այն ապրանքատեսակները, որոնք առավել խոցելի են Ռուսաստան արտահանման տեսանկյունից։


 «Եթե, օրինակ, շուկաների դիվերսիֆիկացում չհաջողվի իրականացնել, և մենք մնանք բացառապես ռուսական շուկայում, ապա մեր գնաճի վրա ազդեցությունը կարող է արտահայտվել Հայաստանի ներսում առաջարկի ավելացմամբ։ Արդյունքում մենք ակնկալում ենք որոշակի հակագնաճային երևույթներ, մասնավորապես՝ բանջարեղենի, հանքային չգազավորված կամ գազավորված ջրերի, ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև կորիզավոր պտուղների մասով»,- պարզաբանել է Գալստյանը։

 


Նրա խոսքով՝ շուկաների դիվերսիֆիկացման և արտահանման ծավալների պահպանման դեպքում բացասական ազդեցությունը շատ արագ կմեղմվի։ Ալկոհոլային խմիչքների նման հիմնական ապրանքատեսակների արտահանման բաժինը սպառման ընդհանուր ծավալում հսկայական է, ուստի ՌԴ-ի որոշումներն ուղղակիորեն հարվածում են այս ոլորտին։ ԿԲ նախագահը հստակեցրել է, որ խոցելի ճյուղերը հանրագումարում ապահովում են ՀՆԱ-ի մոտ 1.5-2%-ը, հավելելով, որ հենց սրանով է պայմանավորված կարգավորողի կանխատեսած առավելագույն՝ 2 տոկոսանոց անկումը։ Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե արտադրանքի իրացման նոր շուկաներ չգտնվեն կամ արտադրությունը կանգ առնի։


Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտների շրջանում մտահոգություն են առաջացնում այս շղթայի ընդլայնման ռիսկերը, քանի որ խնդիրներ են ի հայտ գալիս Ռուսաստանից աշնանացան ցորենի սերմացուի կամ կաթի փոշու ներկրման հետ կապված, ինչը կարող է անդրադառնալ նրանց վարկային պարտավորությունների սպասարկման վրա։ «Եթե արտահանումը զգալիորեն կրճատվի, և դա չհաջողվի չեզոքացնել վճարային հաշվեկշռի այլ բաղադրիչների, օրինակ՝ կապիտալի հոսքերի հաշվին, իրավիճակը կարող է ճնշում գործադրել դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի վրա»,- նշել է Մարտին Գալստյանը։ Նման պարագայում ԿԲ-ն Կառավարության հետ համատեղ արդեն իսկ դիտարկում է բանկային համակարգի միջոցով տնտեսությանն աջակցելու սցենարներ, որոնց կիրառման փորձը Հայաստանն արդեն ունեցել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի ժամանակ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250