Ազատազրկված անձանց թիվը գերազանցել է 3000-ը. Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ ներկայումս ազատազրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը, սակայն դատապարտյալների քանակն ավելին է, քան կալանավորներինը:
Այս մասին քննարկման ժամանակ նշել է նախարարը՝ հավելելով, որ նշված դինամիկան առկա է դեռ նախորդ տարվանից, երբ ինչ-որ պահի տարբերությունը հասնում էր 80 տոկոսի, իսկ ներկայումս կազմում է 20 տոկոս։ Ըստ նրա՝ թեև բացարձակ թվերն աճում են, վերջին շրջանում կալանավորումների քանակի աճի միտումը պայմանավորված է ընտրական գործընթացներով ու ընտրակաշառքների գործերով։
Սրա մասին են վկայում նաև Հակակոռուպցիոն դատարանի ցուցանիշները. եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկ ամսվա կտրվածքով արձանագրվել է կալանավորման 5 դեպք, ապա այժմ այդ դեպքերն անցնում են 100-ը։ Գալյանը նկատել է, որ նախորդ տարվա քննարկումներից հետո արձանագրվել է կալանավորումների թվի նվազում, ինչի արդյունքում 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների քանակն աճել է կալանավորների թվից։
Նախարարը կիսել է այն տեսակետը, որ տնային կալանքը նույնպես չի լուծում այս խնդիրը, քանի որ շատ հաճախ գալիս է փոխարինելու այլ խափանման միջոցներին, և իրենք բարձրաձայնում են այդ մասին՝ տիրապետելով խնդրին: Նա ընդգծել է, որ այս հարցը պետք է պարտադիր ներառվի ռազմավարության մեջ: Գալյանի խոսքով՝ մեծ կապ կա դատավարությունների արագության և կալանավորների թվի կրճատման միջև, իսկ քրեական դատավարության շրջանակներում գործերի քննության ժամկետների սահմանումը որոշակիորեն պետք է օգնի խնդրի լուծմանը։
Նա նաև հավելել է, որ իրավապահ համակարգը պետք է բալանսավորված մոտեցում ցուցաբերի գործերի նկատմամբ, թե որ դեպքում է անձին տանում կալանքի կամ տնային կալանքի, քանի որ ներկայումս համակարգում գործում են չգրված օրենքներ, որոնք հաճախ ունեն օբյեկտիվ պատճառներ, սակայն ամեն ինչ պետք է տարվի դեպի կոնկրետ ստանդարտ։