ԱՄՆ-ն արգելել է օտարերկրացիներին օգտագործել «Անթրոպիկ» ընկերության արհեստական բանականության ամենաառաջատար մոդելները
Արհեստական բանականության խոշոր մշակող «Անթրոպիկ» ընկերությունը ԱՄՆ կառավարության պահանջով փակել է հասանելիությունն իր ամենահզոր ծառայություններին։
Թրամփի վարչակազմի հետ հակամարտության մեջ գտնվող արհեստական բանականության խոշոր մշակողը փակել է հասանելիությունն իր ամենահզոր ծառայություններին։ Այդպիսի քայլի «Անթրոպիկ» ընկերությունը դիմել է ԱՄՆ կառավարության պահանջով։ Ամերիկյան իշխանությունները պարտավորեցրել են ընկերությանը փակել հասանելիությունը նորագույն «Ֆեյբլ 5» և «Միթոս 5» արհեստական բանականության մոդելներին բոլոր օտարերկրացիների, այդ թվում՝ ընկերության արտասահմանյան աշխատակիցների համար։ Մշակողը փակել է հասանելիությունը բոլոր օգտատերերի համար։
Կառավարությունն իր պահանջը հիմնավորել է անվտանգության նկատառումներով։ Պատճառը, ինչպես կարծում է «Անթրոպիկ»-ը, «Ֆեյբլ 5»-ի ծրագրային կոտրումն է․ օգտատերը կարող է խնդրել արհեստական բանականությանը կարդալ կոդը և ուղղել ցանկացած ծրագրային սխալ։ Այս մոդելի գործարկումից առաջ, հայտարարում է «Անթրոպիկ»-ը, մոդելը հազարավոր ժամեր թեստավորվել է ԱՄՆ իշխանությունների հետ համատեղ։
Ընկերությունը հայտարարել է, որ ենթարկվում է իշխանությունների պահանջին, սակայն համաձայն չէ դրա հետ․ «Եթե այս չափանիշը կիրառվեր ամբողջ արդյունաբերության նկատմամբ, ապա, մեր կարծիքով, դա փաստացի կկանգնեցներ բոլոր նոր մոդելների տեղակայումը այս ոլորտում աշխատող բոլոր մատակարարների համար»։ «Անթրոպիկ»-ն աշխատում է իր մոդելների հասանելիության շուտափույթ վերականգնման ուղղությամբ։
Մայիսին «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը գրում էր, որ «Անթրոպիկ»-ի կողմից ստեղծված և ծրագրային ապահովման մեջ խոցելիություններ հայտնաբերելու ունակ «Միթոս» արհեստական բանականության մոդելը քաոս է առաջացրել Սպիտակ տանը։ ԱՄՆ փոխնախագախ Ջեյ Դի Վենսը «ՕփենԷյԱյ»-ի, «Անթրոպիկ»-ի, «Գուգլ»-ի, «Մայքրոսոֆթ»-ի և «ՍփեյսԷքս»-ի ղեկավարների հետ քննարկել է արհեստական բանականության նոր մոդելների սպառնալիքները, ինչպիսին է «Միթոս»-ը, որոնք, նրա կարծիքով, ունակ են կիբերհարձակումների միջոցով կաթվածահար անել բանկերի և հիվանդանոցների աշխատանքը։ Սպիտակ տանն այժմ կասկածում են արհեստական բանականության արագացման կուրսի հարցում և դիտարկում են առաջատար մոդելների նկատմամբ պաշտոնական վերահսկողություն սահմանելու հնարավորությունը, հայտնում էր պարբերականը։
Դրանից առաջ «Անթրոպիկ»-ը մերժել էր կառավարությանը՝ թույլ չտալով օգտագործել իր արհեստական բանականությունը ամերիկացիներին հետևելու և մահաբեր ինքնավար զենքերի հետ աշխատելու համար։ Կառավարությունն արգելել էր «Քլոդ»-ի օգտագործումը բոլոր դաշնային հաստատություններում, իսկ Պենտագոնն արգելել էր Պաշտպանության նախարարության ցանկացած մատակարարի աշխատել ընկերության հետ։ Մարտին դատարանը ժամանակավորապես չեղարկել էր Պենտագոնի այդ որոշումը։