Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում. «Հրապարակ»

Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում. «Հրապարակ»

Հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքների դեռևս չամփոփված լինելու պայմաններում, մեծ հավանականությամբ, ԲՀԿ-ն անցնելու է խորհրդարան։ Դա «Քաղպայմանագրին» զրկելու է մանդատների 3/5-ից՝ սահմանադրական մեծամասնությունից, ինչն ընդդիմությանը հնարավորություն կտա մասնակցել սահմանադրական մարմինների ղեկավարների ընտրություններին, իսկ ՔՊ-ն, ըստ էության, հիշեցնելու է «կաղ բադիկի» իշխանություն: Այս մասին գրում է «Հրապարակը»:


«Չնայած լեգիտիմության ցածր մակարդակին և ընտրությունների արդյունքների հանդեպ հանրության տոտալ անվստահությանը, իշխանականները թեժ մարտեր են մղում առանցքային պաշտոնների համար։ Իշխող ապագա ֆրակցիան դեռ չի ձևավորվել, սակայն արդեն իսկ կազմվել են բարիկադներ, և ներկայացուցիչները պայքարում են միմյանց դեմ, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու: Ամենաթեժ պայքարն ընթանում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար, և յուրաքանչյուր խմբավորում փորձում է այդտեղ տեսնել իր ներկայացուցչին։


Մի խումբ ՔՊ-ականներ հակված են այդ պաշտոնում տեսնել նախորդ խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավար, Էդմոն Մարուքյանի նախկին սանիկ, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանին: Այդ մարդիկ ատում են Ալեն Սիմոնյանին և ամեն ինչ անում են նրանից ազատվելու համար։ Այդուհանդերձ, Ալեն Սիմոնյանի կողմնակիցները վստահեցնում են, որ ԱԺ նախագահի պաշտոնն այս ժամկետում ևս կզբաղեցնի նա, թեև ՔՊ ընտրացուցակում զբաղեցնում էր ընդամենը 14-րդ տեղը, իսկ Կոնջորյանը 11-րդն էր: Սիմոնյանն անձամբ է նման հավաստիացումներ տվել իր կողմնակիցներին՝ նշելով, որ ինքը վաստակել է երկրորդ ժամկետը պաշտոնավարելու իրավունքը։


Ալեն Սիմոնյանի տարբերակն առաջ մղողների փաստարկն այն է, որ ծանր քարոզարշավի առաջին իսկ րոպեներից նա եղել է ՔՊ խրամատում և իր վրա է վերցնել ամենավտանգավոր հարվածները՝ ի տարբերություն մյուս հավակնորդների, որոնք ավելի են կարևորել իրենց վարկանիշը և ՔՊ-ին ուղղված մեղադրանքներին պատասխանել են ըստ նպատակահարմարության։ Խոսքը նախևառաջ Հայկ Կոնջորյանի, ինչպես նաև Լիլիթ Մակունցի մասին է, ում ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը տեսնում էր ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն թիմում դիմադրում են դրան՝ նշելով, որ ձևավորվել է ծանր խորհրդարան, և Մակունցի պես նուրբ ու փխրուն էակը չի կարող դրան դիմանալ։ Մինչդեռ Ալեն Սիմոնյանը Փաշինյանից ոչ պակաս հարձակումներ է գործել ընդդիմության վրա, ինչն այս թիմի համար առաջնային է համարվում:


Խորհրդարանի խոսնակի պաշտոնի հավակնորդներից է նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ով նույնպես պակաս չի քննադատել ընդդիմությանը և ատելության խոսք տարածել, ուստի միանգամայն արժանի է այս պաշտոնին: Սակայն նրա անհավասարակշիռ և հախուռն խառնվածքը խնդրահարույց են համարում անգամ թիմակիցները։ Ասվում է, որ Ռուբինյանը լեզու չի գտնում նույնիսկ թիմի ներսում, առավել ևս չի կարողանա կառավարել ընդդիմադիրներին։ Բացի այդ՝ նա, կուսակիցների բնորոշմամբ, թիմի ամենաանպարտաճանաչ մարդկանցից է, մինչդեռ նման մեծ հիմնարկի կառավարչի համար պարտաճանաչությունը կարևոր հատկանիշ է։


Ամենակարևորը` նոր ձևավորվելիք ֆրակցիայում Ալեն Սիմոնյանն ունի նոր աջակիցներ, որոնք որոշել են հարցի քննարկման ժամանակ պնդել նրա թեկնածությունը: ԱԺ նախագահին նախ իրենք են ընտրելու՝ ՔՊ-ի ներկուսակցական քննարկման ժամանակ, ապա՝ խորհրդարանում։ Ալեն Սիմոնյանը վերջին ամիսներին հատկապես կարողացել է նվաճել ՔՊ տիկնանց սրտերը, պարբերաբար նրանց ռեստորան է հրավիրում, գործուղումների տանում, ինչի շնորհիվ էլ վայելում է նրանց համակրանքը։ Առհասարակ, այս զանգվածն ուրույն չափանիշներ ունի պաշտոնյաներին ընտրելիս:


ՔՊ աղբյուրները վստահեցնում են, որ հարցը կուսակցությունում դեռ չեն քննարկել, Նիկոլ Փաշինյանի կարծիքը դեռ հայտնի չէ, իսկ ՔՊ-ում որոշում կայացնողը մեկ մարդ է՝ Փաշինյանը: Եթե զգան, որ նա դեմ է Ալեն Սիմոնյանի թեկնածությանը, րոպեների ընթացքում իրավիճակ կփոխվի: Առհասարակ` դատելով տարբեր ցուցանիշներից, ԱԺ ՔՊ նոր խմբակցությունը «ուսապարկացման» տեսակետից ավելի վատն է լինելու, քան նախորդ խորհրդարանինը»,- գրել է թերթը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250