Սերժ Սարսգսյանը խոսել է հետընտրական զարգացումների տարբերակների մասին
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանություններ է արել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Նախկին նախագահի համոզմամբ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թե՛ նախընտրական շրջանում և թե՛ քվեարկության օրը արձանագրվել են մասսայական խախտումներ։ Նա հավելել է, որ եթե 2017 թվականին անցկացվեին նման ընտրություններ, ապա եվրոպական դիտորդները հաստատ կֆիքսեին այն ձևակերպումը, որ ընտրական ողջ գործընթացն ու քվեարկության օրն անցել են համատարած խախտումներով, սակայն ինքը չի ակնկալում, որ այս անգամ դիտորդները նման արձանագրում կանեն, քանի որ Եվրամիության առաջնորդները համատարած աջակցություն են ցուցաբերել Հայաստանի գործող իշխանություններին։
Խոսելով հետընտրական զարգացումների մասին՝ Սարգսյանը նշել է. «Քաղաքական ուժերը, որ անցել են խորհրդարան, պետք է որոշում կայացնեն, և բոլորս պետք է այդ որոշմանը ենթարկվենք»։ Անդրադառնալով հնարավոր տարբերակներին՝ նա ընդգծել է, որ ընտրությունը մեծ չէ՝ կամ պետք է վերցնել մանդատները ու գնալ խորհրդարան, կամ էլ հրաժարվել դրանցից։ Ըստ նրա՝ երկու ելքերն էլ ունեն թե՛ առավելություններ, թե՛ բացասական կողմեր, սակայն գլխավորը ձևի ընտրությունը չէ, այլ հստակ ռազմավարության առկայությունը, քանի որ հաջողության կարելի է հասնել երկու ճանապարհով էլ։
Սերժ Սարգսյանի դիտարկմամբ՝ փողոց դուրս գալը մշտապես օգտակար է, բայց դա կախված է ոչ միայն իրենցից, այլև այն քաղաքական ուժերից, որոնք ժողովրդի կողմից բավական մեծ աջակցություն են ստացել։
Նա նաև կարծիք է հայտնել, որ վերահաշվարկի արդյունքներով ԲՀԿ-ն մանդատներ կստանա, իսկ հակառակ դեպքում դա «անհասկանալի կլինի»։
Անդրադառնալով փողոցային պայքարին ՀՀԿ-ի պատրաստվածությանը՝ երրորդ նախագահը հայտարարել է. «ՀՀԿ-ն պատրաստ է մշտապես սատարել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են մեր ժողովրդի քվեն՝ բավական մեծ չափերով»։