Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Հովհաննես Սահակյանին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Հովհաննես Սահակյանին

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին փաստաբանից ահազանգ է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնություն վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանի դատավարական կարգավիճակն ու գտնվելու վայրը անհայտ են։


ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ ահազանգից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր, ինչից հետո պարզվել է, որ Հովհաննես Սահակյանը քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել ու տեղափոխվել է ՆԳՆ ձերբակալվածների պահման վայր։


Հունիսի 8-ի վաղ առավոտյան, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարականով, Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ, առանձնազրույց ունեցել Հովհաննես Սահակյանի հետ և քննարկել նրա բարձրացրած խնդիրները։ Որոշ հարցեր տեղում լուծվել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջամտությամբ։ 


Պաշտպանի աշխատակազմում ստացված ահազանգի և իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ ձեռք բերված տվյալներն այժմ ամփոփվում են, և գործի հանգամանքների ու անձի իրավունքների ապահովման վիճակի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմնից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։


Հիշեցվում է նաև, որ Հովհաննես Սահակյանը նախապես հայտնել էր, թե ընտրություն կատարելուց հետո ընտանիքի հետ նույն օրը՝ ժամը 7-ին, վերադառնալու է Ռուսաստան, քանի որ ընտրությունից հետո իրավիճակը կարող է սրվել։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման՝ նա, հստակ տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին, ինչի պատճառով ձերբակալվել է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250