ԲՀԿ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը խոսել է առաջիկա քայլերի մասին
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իշխանափոխության հասնելու սահմանադրական մեխանիզմներին, ընտրական գործընթացներին և ընդդիմության հետագա անելիքներին։
Մամուլի ասուլիսի շրջանակում ԲՀԿ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ առկա իրավիճակում գործող իշխանություններից ազատվելու և երկիրը վտանգներից հեռացնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել ցանկացած մեխանիզմ ու գործիք։ Նա շեշտեց, որ դա վերաբերում է ինչպես ընտրություններին, այնպես էլ սահմանադրական այլ ուղիներին։
«Պետք է ֆիքսենք, որ այս ընտրությունները միակ ճանապարհը չէր, կան այլ ճանապարհներ։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի այն բոլոր սպառնալիքները, որոնց մասին խոսել ենք՝ անկլավներ, նոր Սահմանադրություն, ադրբեջանցիների վերաբնակեցում և այլն, չլինի։ Պետք է օգտագործվեն բոլոր սահմանադրական ճանապարհները դրանք կանխելու համար։ Հետևաբար,այս առումով ընդդիմությունը, իհարկե, անելիք ունի։ Բայց ասել՝ մենք ժողովրդավարական երկիր չենք, եկեք ընդհանրապես մերժենք բոլոր ժողովրդավարական գործընթացները, չմասնակցենք ընտրություններին, փորձենք հորինել նոր հեծանիվ և այլն, այդպես չի լինում։ Սա քայլերից և փուլերից մեկը որպես պետք է դիտարկել»,- նշեց Վարդանյանը։
Քաղաքական գործիչն արձանագրեց, որ հաջորդող քայլերի շուրջ քննարկումները դեռ առջևում են, իսկ առայժմ սպասելու են արդյունքների ամփոփմանը։
«Անճշտությունների ճշգրտման հետ կապված հստակ ժամկետներ նախատեսված չեն, և դրանք պետք է իրականացվեն այնքան արագ, որքան հնարավոր է։ Այսինքն՝ ոչ թե անճշտությունները թողեն, մի շաբաթ հետո կքննարկեն և այլն, ո՛չ։Անճշտությունները պետք է ճշգրտվեն՝ հնարավորինս արագ։ Վերահաշվարկների համար կան սահմանված ժամկետներ այսօր մինչև ժամը 18։00-ն և վաղը մինչև 12։00-ն դիմումներ ներկայացնելու և այնուհետև Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետներում վերահաշվարկներ իրականացնելու։ Հետևաբար, այս պրոցեսները կընթանան Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետների շրջանակներում, դրանից հետո, բնականաբար, մենք կորոշենք մեր քայլերի հաջորդականությունը»,- հավելեց նա։
ԲՀԿ պատգամավորի թեկնածուն առանձնահատուկ ընդգծեց իրենց մղած պայքարի նպատակն ու այն փաստը, որ հանդես են եկել բաց ճակատով։
«Եթե դուք կարծում եք, որ ես այն մարդկանցից եմ, ով մանդատի համար կարող է ափսոսալ կամ մանդատի համար կարող է կռիվ տալ, ուրեմն, ինձ լավ չեք ճանաչում»,- եզրափակեց Էլինար Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...