Քաղաքականություն Կարևոր

Ռուսաստանը զգուշացնում է․ ԵՄ ճանապարհը Հայաստանին կզրկի էժան գազից

Ռուսաստանը զգուշացնում է․ ԵՄ ճանապարհը Հայաստանին կզրկի էժան գազից

«Ռիա Նովոստի» պարբերականը հրապարակել է մի հոդված որում ասվում է․


«Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դեպի Եվրամիություն հնարավոր անցման դեպքում ստիպված կլինի չեղարկել էներգակիրների և ալմաստների արտոնյալ մատակարարման մասին 2013 թվականին կնքված պայմանագիրը։ Ըստ պարզաբանման՝ ԵՄ անդամ դառնալու պարագայում Հայաստանը չի կարողանա միաժամանակ օգտվել ԵԱՏՄ անմաքս առևտրի ռեժիմից, քանի որ եվրոպական ապրանքների անարգել վերավաճառքը միության շուկայում կվնասի տեղական արտադրողների շահերին, ինչը թույլ չեն տալիս անգամ խոշորագույն համաշխարհային տնտեսությունները։ Ռուսական կողմն ընդգծում է, որ էներգակիրների ցածր սակագները տրամադրվել են տնտեսական ինտեգրման և ազատ առևտրի պահպանման պարտավորությունների դիմաց։


Այս պահին Հայաստանը ռուսական բնական գազը սահմանին ձեռք է բերում 1000 խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով, ինչը համարվում է աշխարհում ամենացածր գներից մեկը, ընդ որում՝ այդ արժեքի մեջ ներառված են նաև Վրաստանի տարածքով տարանցման ծախսերը։ Մինչդեռ Եվրամիությունում գազի ներկայիս շուկայական գինը գերազանցում է 560 դոլարը, իսկ որոշ ժամանակահատվածներում այն հասել է մի քանի հազար դոլարի։ Ի պատասխան այն դժգոհությունների, թե Ռուսաստանում և Բելառուսում ներքին սակագներն ավելի էժան են, նշվում է, որ դա պայմանավորված է դեպի Հայաստան իրականացվող երկար ու ավելի ծախսատար լոգիստիկայով։


Գործող համաձայնագրի խզումը կարող է հանգեցնել ոչ միայն շուկայական գների անցմանը, այլև մատակարարումների ընդհանուր դադարեցմանը, քանի որ ներկրմամբ զբաղվող «Գազպրոմ Արմենիա» ընկերության բնականոն բիզնես գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի կտրուկ բարձրացնել սակագները բնակչության և արդյունաբերության համար։ Որպես այլընտրանք՝ պետությունը ստիպված կլինի սեփական բյուջեից սուբսիդավորել գնային տարբերությունը, ինչը, ըստ տեղական հաշվարկների, տարեկան կազմելու է շուրջ 400 միլիոն դոլար։ Սակայն հաշվի առնելով երկրի ֆինանսական հնարավորությունները՝ դեռևս անհայտ է, թե ինչ միջոցներով է փակվելու այդ դեֆիցիտը, քանի որ Եվրամիությունը հազիվ թե հանձն առնի հոգալ այդ ծախսերը»,- ասվում է հոդվածում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250