20:00 Լուրերը մեկ տողով. Պուտինի վերջնագիրը Հայաստանին, Թրամփի որոշումը Իրանի շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· Ռուսաստանը հայտարարել է ԵՄ չափանիշներին անցնելու դեպքում Հայաստանի հետ տնտեսական ինտեգրումը դադարեցնելու հավանականության մասին։ ՌԴ նախագահի խոսքով՝ հումանիտար կապերը չեն տուժի, բայց եթե Երևանը սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, Ռուսաստանն օբյեկտիվորեն ստիպված կլինի դադարեցնել տնտեսական ինտեգրումը նրա հետ:
· ՌԴ նախագահը մեկնաբանել է եվրոպական երկրների, այդ թվում՝ Ռումինիայի օդային տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու միջադեպերը։ Նա նշել է, որ Ռումինիայում հայտնաբերված ԱԹՍ-ի պատկանելության մասին հնարավոր կլինի խոսել միայն համապատասխան փորձաքննության անցկացումից հետո:
· Դոնալդ Թրամփը պատրաստվում է վերջնական որոշում կայացնել Իրանի միջուկային զենքի բացառման և Հորմուզի նեղուցի ապաշրջափակման համաձայնագրի շուրջ։ Գործարքի շրջանակում Իրանի ստորգետնյա պահեստների հարստացված նյութերը կհեռացվեն ու կոչնչացվեն ԱՄՆ-ի և ՄԱԳԱՏԷ-ի կողմից, իսկ ֆինանսական միջոցների փոխանցումը կասեցված կմնա մինչև վերջնական պայմանավորվածությունը:
· Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Էմանուել Մակրոնին հրավիրել է Մինսկ՝ կոչ անելով դառնալ խաղաղ երկխոսության շարժիչ ուժը։ Մակրոնը պատասխանել է, որ այդ հարցով դեռ պետք է խորհրդակցի Եվրամիության գործընկերների հետ, ինչին ի պատասխան Լուկաշենկոն նրան անվանել է փորձառու ղեկավար, ով կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել:
· Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավորապես արգելում է մրգերի և բանջարեղենի ներմուծումը Ուզբեկստանի 10 խոշոր արտահանողներից։ Ռուսական կողմը նշում է, որ ուզբեկական ընկերությունների համակարգված խախտումները վկայում են անվտանգության վերահսկողության ցածր արդյունավետության մասին:
· Եվրահանձնաժողովը հակակոռուպցիոն բարեփոխումների դիմաց ապասառեցրել է Հունգարիայի համար նախատեսված 16,4 միլիարդ եվրոն։ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ այս համաձայնագիրը նոր կառավարության իրականացրած հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետության գլխավոր ապացույցն է:
· Հայաստանի ԿԸՀ-ն քննարկել է «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված ՀԿ-ին հավատարմագրումից զրկելու հարցը՝ քաղաքական չեզոքությունը խախտելու մեղադրանքով։
· Թբիլիսիում տասնամյակներ անց առաջին անգամ բացվել է Ստալինի գաղտնի գինու մառանը՝ 40 հազար եզակի շշերով։
· Մայիսի 30-ին Հայաստանի տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում 6-10 աստիճանով, ինչպես նաև առատ անձրև, ամպրոպ և կարկուտ։