15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առնչությամբ Դանիել Իոաննիսյանի և մյուսների կողմից հայցեր կներկայացվեն՝ Աննա Հակոբյանի դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Դանիել Իոաննիսյանից։
Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդը» խնդիրներ էր արձանագրել ՔՊ-ի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործության հետ՝ չնայած նախընտրական փուլում օրենսդրական արգելքին եւ հայտարարել, որ դիմել են վարչական դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով։ Ապրիլի 27-ին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը բողոքել էր, թե «Անկախ դիտորդի» հայտարարությամբ խախտվել են իր իրավունքները։
«Խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները, որոնք սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը ենթադրում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը»,-ասել է ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կինը՝ ավելացնելով, որ խնդրել է իր փաստաբանական թիմին Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով դիտարկել հաղորդման ներկայացման հնարավորությունը, ինչպես նաև «Անկախ Դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացումը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին ու հեղինակությանը հասցրած վնասի փոխհատուցման նպատակով։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կազմակերպությունը Վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ «Ւմ քայլը» հիմնադրամի՝ պահանջելով հիմնադրամին վարչական պատասխանատվության ենթարկել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար։
Մասնավորապես, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում՝ նախընտրական շրջանում բարեգործության համար։
Մասնավորապես, ՎԻՎՕ 40.16-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում այն կազմակերպությունների կողմից, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ կուսակցությունների կողմից ղեկավարվող կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այն կազմակերպությունների կողմից, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը տվյալ ընտրություններում առաջադրվել է (են) որպես թեկնածու, բարեգործություն կատարելն այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ`առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով: Վարչական դատարանը, սակայն, հայցադիմումը վերադարձրել է՝ շտկումների։
Դանիել Իոաննիսյանը կայքի հետ զրույցում հայտնել է, որ պասրաստվում են 14 հայց ներկայացնել՝ Աննա Հակոբյանի դեմ։