ԵԱՏՄ-ի ուլտիմատումը Հայաստանին. գործընկերները վտանգ են տեսնում
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով շուտափույթ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ նոր ու աննախադեպ էջ է բացում Երևանի և իր ավանդական գործընկերների հարաբերություններում։
Այն, ինչ ձևակերպված է որպես «տնտեսական անվտանգության ռիսկերի գնահատում», իրականում կրում է հստակ քաղաքական ուղերձ և ունի ընդգծված ուլտիմատիվ բնույթ, քանի որ միջազգային հարաբերություններում ուլտիմատումը ենթադրում է հստակ պահանջների առաջադրում՝ կոնկրետ ժամկետների և չկատարման դեպքում բացասական հետևանքների նշումով, իսկ այս հայտարարության մեջ առկա են բոլոր այդ տարրերը՝ սկսած մինչև 2026 թվականի դեկտեմբերի վերջնաժամկետից, մինչև Եվրասիական միջկառավարական խորհրդին տրված հանձնարարականը՝ զեկուցել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հետևանքների մասին։ Այս քայլով ԵԱՏՄ գործընկերները Երևանին փաստացի զրկում են երկար տարիներ վարվող «և՛, և՛»-ի կամ դանդաղ, էվոլյուցիոն արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի մանևրելու հնարավորությունից՝ ուղիղ ազդակ հղելով, որ տնտեսական ինտեգրացիոն հարթակը չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի երկակի կողմնորոշումը աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերի ֆոնին։
Թեև հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ին լուրջ ռիսկեր է պարունակում միության երկրների տնտեսական անվտանգության համար, ինչը մաքսային տեսանկյունից ունի որոշակի տրամաբանություն, քանի որ միասնական մաքսային տարածքում մեկ անդամի կողմից եվրոպական ստանդարտների ընդունումը կարող է խոցելի դարձնել մյուսների շուկաները, սակայն տնտեսական մտահոգությունների տակ ակնհայտորեն թաքնված է աշխարհաքաղաքական շահը, և Ռուսաստանի ու նրա դաշնակիցների համար Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին նշանակում է տարածաշրջանում սեփական ազդեցության գոտու վերջնական կորուստ, ինչի պատճառով էլ տնտեսական լծակները՝ գազի գինը, Վերին Լարսի անցակետը և արտահանման շուկան, օգտագործվում են որպես ճնշման գործիք։
Այս ամենը Հայաստանին կանգնեցնում է բարդ երկընտրանքի առաջ, քանի որ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցումը կարող է ունենալ ցնցումային ազդեցություն երկրի տնտեսության համար, մինչդեռ ԵՄ-ին անդամակցությունը երկարատև, տարիներ տևող գործընթաց է, որը ակնթարթորեն չի կարող փոխարինել գործող շուկայի տված օգուտներին։ Ուստի, սա բացահայտ քաղաքական ուլտիմատում է՝ փաթեթավորված տնտեսական տերմինաբանությամբ, որով ԵԱՏՄ առանցքային երկրները Հայաստանին կանգնեցնում են «աշխարհաքաղաքական գույքագրման» փաստի առաջ, և մինչև տարեվերջ Երևանը ստիպված է լինելու կատարել հստակ ընտրություն՝ կա՛մ գնալ գիտակցված տնտեսական մեծ ռիսկերի և շարունակել եվրաինտեգրումը, կա՛մ սառեցնել արևմտյան ամբիցիաները՝ հանուն տնտեսական կայունության պահպանման, քանի որ լռության և երկու վեկտորների արանքում մանևրելու ժամանակաշրջանը պաշտոնապես ավարտված է։