Կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանողներից մեկին․ Ժողովուրդ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Ֆրանսիայի Նիցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպիչներից Սուրեն Գրիգորյանին:
Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին նրա վիճակը ծանր է:
Հիշեցնենք՝ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, ինչի հետևանքով սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։
Կայքը դեպքից անմիջապես հետո գրել էր, որ կասկածներ կան՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կարող է կապ ունենալ քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջիններս լարված հարաբերություններ են ունեցել միմյանց հետ։ Սպանությունից շուրջ երկու ամիս անց այդ կասկածները մասամբ հաստատվեցին իրավապահների գործողություններով․ Ռուստամ Ստեփանյանը և ևս մեկ անձ ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին։ Միևնույն ժամանակ, բուն սպանությունը կատարած անձինք դեռևս հետախուզվում են։ Ինչպես հայտնի է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել էին Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Հարություն Սահակյանին։ Իրավապահ համակարգը զբաղվում է Սահակյանին Հայաստան բերելու ուղղությամբ։
Ըստ մեղադրանքի՝ Սահակյանը խմբի կազմում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, 2024թ․ հունիսի 11-ին ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել է Սերգեյ Գրիգորյանին։ Սպանությունը կատարողներից Սուրեն Գրիգորյանը նույնպես հետախուզման մեջ է։ Ֆազի սպանության գործով անցնողներ՝ Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամը) և Աշոտ Կյուրեղյանը կալանավայրում են։
Ըստ նախաքննական մարմնի Նրանք կազմակերպել են սպանությունը կատարած անձանց` Սուրեն Գրիգորյանի և Հարություն Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումները, գործողությունները:
2024թ․ հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պռոշյան գյուղում։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձը` Սուրեն Գրիգորյանը և Հարություն Սահակյանը, կեղծված հաշվառման համարանիշներով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21-ի սահմաններում ուղևորվել են Երևան։ Սպանությունից հետո Գրիգորյանի և Սահակյանի ձեռք բերած «Օպել» մակնիշի մեքենայի բեռնախցիկի հատվածում ու դեպքի վայրում հայտնաբերվել են «ոստիկանություն» գրառմամբ բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ ու փամփուշտներ:
Այժմ Սուրեն Գրիգորյանի և Հարություն Սահակյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, քանի որ վերջիններս հասցրել են հունիսի 12-ին երկրից դուրս գնալ։