Մոսկվան անցնում է կտրուկ գործողությունների․ ՌԴ-ն շուկայից հեռացնում է հայկական հայտնի ապրանքանիշեր
Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» գերատեսչությունը հրահանգել է վաճառքից հանել հայկական երեք ընկերությունների արտադրած գինիներն ու կոնյակները։ Ռուսական կողմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ ստուգումների ընթացքում հայտնաբերված խմբաքանակները չեն համապատասխանել սահմանված պարտադիր չափանիշներին, գրում է «Վեստի»-ն։
Արգելքի տակ են հայտնվել «Վեդի-Ալկո» ընկերության «Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր և «Հարջի» սպիտակ չոր գինիների որոշակի խմբաքանակներ։ Խնդրահարույց է ճանաչվել նաև Աբովյանի կոնյակի գործարանի թողարկած հնգամյա «Արմյանսկի կոնյակ 5 աստղ» տեսակը։ Բացի այդ, անհամապատասխանություններ են արձանագրվել Եղվարդում գործող «Շահնազարյան» գինու-կոնյակի տան արտադրած յոթ տարեկան «Շահնազարյան XO» հնեցված կոնյակի ընտրանու մեջ։
Ռուսաստանի վերահսկող մարմինն արդեն համապատասխան ծանուցումներ է ուղարկել ներկրող կազմակերպություններին և առևտրային ցանցերին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել նշված ալկոհոլային խմիչքների իրացումը։ Ըստ գերատեսչության՝ ամբողջ անորակ ապրանքանշված տեսականին պետք է դուրս բերվի շրջանառությունից, և գործընթացը գտնվում է իրենց անմիջական հսկողության ներքո։
Հատկանշական է, որ սա հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող միակ սահմանափակումը չէ․ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորի» որոշմամբ ժամանակավորապես արգելվել էր նաև Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծումը։