Հիասթափված են Պուտինից. նոր մանրամասներ ձգձգվող պատերազմից
Ուկրաինայում ձգձգվող պատերազմի և Ռուսաստանում տնտեսական անկման ֆոնին ռուսական էլիտայի շրջանում աճում է հիասթափությունը առաջնորդ Վլադիմիր Պուտինից։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «ռուս առաջնորդի մերձավոր շրջապատի մի քանի ներկայացուցիչների, ինչպես նաև ռուսական բիզնես հանրության աղբյուրների և արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցները պատկերում են մեկուսացված առաջնորդի, որը շրջապատված է էլիտայով, որն արագորեն կորցնում է պատրանքները ինչպես Ուկրաինայում ձգձգվող պատերազմի, այնպես էլ երկրում տնտեսական անկման պատճառով»։ «Էլիտայի տրամադրությունն այս տարի իսկապես փոխվել է… Պուտինից շատ հիասթափված են», — հայտարարել է աղբյուրը, որին Դը Գարդիանը բնութագրել է որպես «լավ կապեր ունեցող ազդեցիկ բիզնես առաջնորդ»։
Աղբյուրի խոսքով՝ «գնալով ուժեղանում է այն զգացողությունը, որ մոտենում է ինչ-որ աղետ։ Մարդիկ, ովքեր ժամանակին պաշտպանում էին Պուտինին, այլևս դա չեն անում։ Ապագայի որևէ զգացողություն անհետացել է», — նշել է աղբյուրը։
Հոդվածում պնդում է արվում, որ Պուտինի հանրաճանաչության վարկանիշը նվազում է, տնտեսությունն ավելի ու ավելի մեծ ճնշման է ենթարկվում, և նույնիսկ կրեմլամետ բլոգերները, ովքեր նախկինում հազվադեպ էին քննադատում ռուս առաջնորդին, սկսում են հայտնել իրենց դժգոհությունը։
Չնայած երկրի ներսում ի հայտ եկող ճեղքերին՝ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը չի փոխվել, և նա, ինչպես և նախկինում, մտադիր է շարունակել այն, ինչի մասին վկայում են հարցազրույցները նրա հայացքներին ծանոթ մի քանի մարդկանց, ինչպես նաև եվրոպական ու ուկրաինական հետախուզության պաշտոնյաների հետ։
Ռուս առաջնորդին հասանելիություն ունեցող երկու աղբյուրների համաձայն՝ Պուտինն իր մերձավոր շրջապատին հստակ հասկացրել է, որ կարծում է, թե Մոսկվան կկարողանա գրավել ամբողջ Դոնբասը մինչև տարեվերջ։