ԱՄՆ դատարանը հրապարակել է Էփշտեյնի մահից առաջ գրված նամակը
ԱՄՆ դաշնային դատարանը հանրայնացրել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կողմից գրված ինքնասպանության մասին նամակը, որի մասին հայտնել է New York Times-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ այս գրությունը գտնվել է Էփշտեյնի խցակից Նիկոլաս Տարտալյոնեի դատական գործի նյութերում։ Թերթը դատարան էր դիմել՝ փաստաթուղթը հրապարակելու պահանջով։ Ուղերձի տեքստի սկզբնամասում հեղինակը դժգոհում է իրականացված հետաքննությունից՝ նշելով, որ իրեն ամիսներ շարունակ ստուգել են և որևէ բան չեն հայտնաբերել։ Դրան հաջորդում է ձևակերպում «հրաժեշտի համար ժամանակ ընտրելու» հնարավորության վերաբերյալ, իսկ գրության վերջում նշված է. «Զվարճալի չէ՝ չարժե»։
Էփշտեյնի նախկին խցակիցը պնդում է, որ նշված գրությունը հայտնաբերել է գրաֆիկական վեպի մեջ 2019 թվականի հուլիսին, երբ Էփշտեյնն իրականացրել էր ինքնասպանության առաջին փորձը։ NYT-ն ընդգծում է, որ նամակի իսկությունը հաստատված չէ, քանի որ այն չի հիշատակվել Էփշտեյնի գործով նախկինում գաղտնազերծված փաստաթղթերում։ Ըստ պարբերականի՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նույնպես տեղյակ չի եղել այս գրության գոյության մասին։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Ջեֆրի Էփշտեյնին մեղադրանք էր առաջադրվել անչափահասների թրաֆիքինգի և սեռական շահագործման համար։ Նույն տարվա հուլիսին նա մահացել է բանտում, ինչը քննության եզրակացությամբ որակվել է որպես ինքնասպանություն։