Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ՄԻԹ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 135 աշխատատեղ՝ 264 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 155-ի՝ 315 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270 մլն դրամ։
Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։