Մեզ բացահայտ պատերազմ է հայտարարված․ Լավրով
Արևմուտքի երկրները Ուկրաինայի օգնությամբ պատերազմ են հայտարարել Ռուսաստանին, սակայն կիևյան ռեժիմն անօգնական է առանց արևմտյան զենքով նյութական համալրման։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մեզ բացահայտ պատերազմ է հայտարարված։ Դրա համար որպես «սայր» օգտագործվում է կիևյան ռեժիմը։ Բայց այն, որ այդ «սայրը» անօգնական է առանց արևմտյան զենքով նյութական համալրման, հետախուզական տվյալների, արբանյակային համակարգերի, զինծառայողների պատրաստման հարցում աջակցության և շատ այլ բաների՝ բոլորը գիտեն։ Կիևյան ռեժիմը և ուկրաինական պետությունը բացահայտորեն օգտագործվում են որպես աշխարհաքաղաքական խոյահարող գործիք։ Այստեղ ինչ-որ անկեղծ տղաներ, իմ կարծիքով՝ բելգիական Գլխավոր շտաբում, հրապարակավ հայտարարել են, որ իրենք պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի, որ Ուկրաինան օգնում է իրենց ժամանակ շահել։ Ինչպես ասում են՝ էլ ուր ավելի անկեղծ» , - նշել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ Արևմուտքը, և առաջին հերթին Բրյուսելը բացահայտ խոսում է տեսանելի ապագայում ՌԴ-ի հետ պատերազմի նախապատրաստման մասին։
«Բելգիայի գլխավոր շտաբի պետ Ֆրեդերիկ Վանսինան ասել է, որ իրենք դեռ մի քանի տարի ունեն, ուկրաինացիները գնում են այդ ժամանակը նրանց համար։ Նույն տրամաբանությունն առկա էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարության մեջ, երբ նա Իսրայելի հարձակումը Իրանի վրա և առհասարակ այն ամենը, ինչ անում է Իսրայելը, անվանեց... նա ուղղակի ասաց, որ իսրայելցիներն իրենց փոխարեն կատարում են կեղտոտ աշխատանքը՝ պայքարելով ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» և այլ, ինչպես իրենք են անվանում, ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ լիովին անտեսելով դրանց հայտնվելու պատմությունը։ Իսկ այն ուղղակիորեն կապված է Պաղեստինյան պետություն ստեղծելու մասին ՄԱԿ-ի որոշումը կատարելու կատեգորիկ մերժման հետ», - հավելել է նախարարը։