Ստամբուլում որոշում են կայացրել ապրիլի 24-ի վերաբերյալ
Ստամբուլի իշխանություններն այս տարի ևս թույլ չեն տվել իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, այս մասին հայտնում է Agos-ը։
Ստամբուլի նահանգապետարանը մերժել է «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակի» ներկայացրած դիմումը, որով նախատեսվում էր ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին հավաք անցկացնել Քադըքյոյում՝ Սյուրեյյա օպերայի շենքի առջև։
Կառույցի տարածած հաղորդագրության համաձայն՝ նմանատիպ դիմումները մերժվում են վերջին տարիներին, թեև մինչև համավարակը հիշատակի ձեռնարկները պարբերաբար կազմակերպվել են տարբեր քաղաքներում, հատկապես՝ Ստամբուլում։
Կազմակերպիչները շեշտել են, որ հիշատակի արարողությունների անցկացումը ժողովրդավարական իրավունք է և կոչ են արել վերանայել կայացված որոշումը։ Նրանք նաև հավելել են, որ նմանատիպ հավաքների նպատակը 1915 թվականի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելն է, ինչպես նաև հասարակական հիշողության ու առերեսման գործընթացներին օժանդակելը։