ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա կարող ա լացեմ, եթե հնարավորություն ունենայի. Հայկ Սարգսյան
«Հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը: Ասել, որ հիասթափված եմ կամ ցավում եմ, կնշանակի ոչինչ չասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նշենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կրկին տապալվեց Հայկ Սարգսյանի՝ «զինծառայությունից գումարով ազատվելու մասին» նախագիծը։
Հայկ Սարգսյանը հանձնաժողովի նիստում հայտարարել էր․ «Իմ առաջարկները մերժվում են կեղծ հայրենասիրական կենացներով։ Մինչդեռ այս նախագիծը ոչ միայն ժամանակավրեպ չէ, այլև անհրաժեշտ է։ Մենք մեր բանակի զորակոչի տարեկան 30 տոկոսը կորցրել ենք՝ միայն այն հանգամանքով պայմանավորված, որ նախագիծը մերժվել է հանձնաժողովում։ Եթե հիմա էլ չընդունենք օրենքը, հիմա էլ ամեն տարի զորակոչի 30 տոկոսը կորցնելու ենք։ Սա հարուստների դեմ օրենքի նախագիծ է, հարուստները, որոնք տարեկան զորակոչի 30 տոկոսն են կազմում և բանակ չեն զորակոչվում, հետագայում չեն կանչվում 25-օրյա հավաքներին, նրանց քաղաքացիությունը կորցնում ենք անվերադարձ»։
Պատգամավորի խոսքով օրենքի նախագիծը չի ընդունվում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անձական ամբիցիայի պատճառով: ՆԱ կարծում է, որ պատճառն է, որ նախագիծը քննարկվել է Քոչարյանի բացակայությամբ, երբ նա երկրում չի եղել:
«Նախագիծը, կարծում եմ, վարչապետը հավանել էր, չէր կարող նա դեմ լիներ ու կառավարությունը կողմ քվեարկեր»,- ասաց Սարգսյանը:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ Անդրանիկ Քոչարյան վարչապետի դեմ է դուրս եկել, Սարգսյանը պատասխանեց. «Իմ ասածից կարող եք նաև այդպիսի եզրահանգման գալ...սեփական ամբիցիաների պատճառով տապալել պետության համար կարևոր օրենքի նախագիծ, անընդունելի է, որ հիմա հնարավորություն ունենամ, կարող ա լացեմ էլ»: