ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հակադարձել է Օվերչուկին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է հասնել էներգետիկ ինքնաբավության՝ արձագանքելով ռուսական կողմի գնահատականներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ Հայաստանը էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր է։
«Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը։ Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք»,- ասել է վարչապետը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անդրադարձել է արևային կայաններին՝ նշելով, որ 15 կՎտ հզորությամբ կուտակիչը կամ արևային կայանի արտադրած էներգիան բավարար է մեկ առանձնատան համար։
2026 թվականին շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում Մեծամորի ատոմակայանը հանվել է շահագործումից 5 ամսով, և կանխատեսվում է, որ այդ ընթացքում արևային կայանների արտադրած էներգիայի ծավալը կհամադրվի ատոմակայանի արտադրանքի հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եթե Երևանը մինչև 2026 թվականի վերջը չկայացնի նոր ատոմակայան կառուցելու որոշումը, ապա կարող է բախվել ազգային էներգետիկ դեֆիցիտի։
Օվերչուկը նաև նշել է, որ ռուսական կողմը չի քննարկում Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը մինչև 2046 թվականը։
«Նոր ատոմակայանի նախագծման, կառուցման և շահագործման ցիկլը սովորաբար տևում է մոտ 10 տարի։ Մենք հասկանում ենք, որ եթե մինչև այս տարվա վերջ նոր կայանի կառուցման վերաբերյալ որոշում չկայացվի, ապա տեսանելի ապագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Մեծամորի ատոմակայանը կփակվի, իսկ նոր կայանը դեռ կառուցված չի լինի: Մենք նաև համոզված ենք, որ Հայաստանին անհրաժեշտ տեխնոլոգիաներ ունի միայն Ռուսաստանը», – նշել է նա։