Պատահարներ

«Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով 3 կասկածյալ է հայտնաբերվել

Lilit T. 1 րոպե 156 դիտում
«Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով 3 կասկածյալ է հայտնաբերվել

ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ: Այս մասին է տեղեկացնում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: 



Հիշեցնենք, որ Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։ Կատարվում է նախաքննություն։ Նշանակվել են համալիր փորձաքննություններ»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է  բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ 




Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին, մարվել՝ 23։44-ին։ 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շինության առաջին հարկ և հարակից բնակելի շենքեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարակից բնակելի շենքերի վտանգավոր տեղամասերից բնակիչների տարհանում դեպի անվտանգ տարածք։

Տեղում աշխատանքներին ներգրավվել են Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր, Հայաստանի էլեկտրական ցանցի և գազի վթարային ծառայության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։



Հավելենք, որ հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լավագույն մասնագետներն արդեն դեպքի վայրում էին:

Իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով.

  • հրդեհատեխնիկական փորձաքննություն – կրակի առաջացման օջախի և պատճառների բացահայտում.
  • շինարարական փորձաքննություն – կառույցի ամրության և վնասվածության աստիճանի գնահատում.
  •  Ապրանքագիտական փորձաքննություն – գույքային և նյութական վնասի հաշվարկում:

Մեր փորձագետների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ստանալ հրդեհի ամբողջական պատկերը և տալ մասնագիտական հստակ եզրակացություն:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից