Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Media խմբի անունից շնորհավորում ենք Հանձնաժողովին հոբելյանի առթիվ և մաղթում հետագա զարգացում և վստահության ամրապնդում։
Միաժամանակ արձանագրում ենք, որ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Այս առթիվ հարկ ենք համարում կատարել մի քանի նկատառում:
25 տարիների ընթացքում Հանձնաժողովը կարևոր դեր է ունեցել Հայաստանի մեդիա միջավայրի ձևավորման, լիցենզավորման համակարգի զարգացման և վերահսկողության գործում։
«Ռադիո Ավրորա»-ն երկար տարիներ հանդիսանում է շուկայի առաջատարներից մեկը՝ ունենալով լայն և կայուն լսարան։ Գործում է գրեթե նույնքան ժամանակ, որքան ժամանակ Հայաստանում գործում է ռադիոարդյունաբերությունը:
Kiss FM Armenia-ն նոր սերնդի ռադիոկայան է, որը 9 տարիների աշխատանքի ընթացքում զբաղեցրել է իր դիրքը ոլորտում, ձևավորելով կայուն լսարան։ Ռադիոկայաններն ակտիվորեն մասնակցում են ոլորտի զարգացմանը, այդ թվում՝ Radioplayer Armenia նախագծի միջոցով, որը հանդիսանում է ազգային թվային հարթակ և ինտեգրված է Radioplayer Worldwide էկոհամակարգին։ Նախագիծն ունի բազմակի աճ և փաստացի ձևավորում է հայկական ռադիո շուկայի նոր թվային ենթակառուցվածք՝ միջազգային ընդգրկմամբ։ Այս համատեքստում խոսքը վերաբերում է ոչ միայն շուկայի մասնակցությանը, այլ նաև դրա ձևավորմանը։
Անկախ կարգավորող մարմին հանդիսացող Հանձնաժողովի ուժը պայմանավորված է ոչ միայն նրա լիազորություններով, այլև նրա գործունեության նկատմամբ վստահությամբ։ Այդ վստահությունը ձևավորվում է շուկայի բոլոր մասնակիցների նկատմամբ հավասար, հետևողական և թափանցիկ վերաբերմունքի միջոցով։ Հենց այս չափանիշներով է այսօր գնահատվում կարգավորողի ընկալումը ոլորտի կողմից։ 25 տարին կարևոր փուլ է: Հաջորդ փուլում առանցքային նշանակություն կունենա այն միջավայրը, որտեղ հավասարության, համաչափության և կանխատեսելիության սկզբունքները կգործեն հետևողական և առանց բացառությունների։