Քաղաքականություն

Հազարավոր զոհերի գնով ձեռք բերված խաղաղությունը մատաղ չի արվի հակաքրիստոնեական նպատակներին. Փաշինյան

Ofelya 1 րոպե 159 դիտում
Հազարավոր զոհերի գնով ձեռք բերված խաղաղությունը մատաղ չի արվի հակաքրիստոնեական նպատակներին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ 2024 թվականի մարտ-ապրիլին Հայաստանը հասել էր պետականության կորստի եզրին, և եթե 2024-ի ապրիլին չկայացվեր Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսելու որոշումը, ապա այսօր Հայաստանը անկախ պետություն չէր լինի, այլ առավելագույնը արտաքին կառավարման տակ գտնվող տարածք։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում։


«Սահմանազատման այդ որոշումը՝ 2024-ի ապրիլին, կայացնելը շատ դժվար էր։ Մեր Եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնելու Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը»,- ասել է Փաշինյանը։


Վարչապետի խոսքով՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ենթարկվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակցող ընդդիմադիր ուժերի իրականացրած ապատեղեկատվական արշավին, որոնք պնդում էին, թե Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ ու դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ և բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։


«Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։ Մենք խոսեցինք մեր «գործատուի»՝ ժողովրդի հետ։ Եվ հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական-ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից հետո տների մոտ 50 տոկոս աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ, և այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է։ Իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում»,- հավելել է նա՝ տեղեկացնելով, որ անձամբ քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ է կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ, որպեսզի ցույց տալու մարդկանց, թե ինչ նկատի ունեն՝ «խաղաղություն» և «Իրական Հայաստան» ասելով։


«Սա նաև խաղաղության սիմվոլն է, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն ենք հաստատել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ճանաչելով 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի՝ Խորհրդային Ադրբեջանը դարձել է անկախ Ադրբեջան, Խորհրդային Հայաստանը դարձել է անկախ Հայաստան, և սա անկախ Հայաստանի տարածքի քարտեզի ուրվագիծն է։


Խաղաղության դեմ տարվող այս պրոցեսում որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները և նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում և միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի Կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։


Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ, որոնք ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար (ի դեպ, նրանցից ոմանց՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով), ահա այդ հոգևորականները ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների, և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։


Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու: Մենք թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվեն հակաքրիստոնեական նպատակների համար։


Մեր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է «խաղաղություն» բառը, ու դա ոչ միայն մարդու, հոգու, այլև համաշխարհային խաղաղության մասին է, որի մասին մեր պատարագի կանոնական տեքստում տասնյակ աղաչանքներ կան՝ [ուղղված] մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։


Իսկ այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար՝ հատելով ՀՀ օրենսդրության սահմանները։ Սա չի կարելի հանդուրժել որևէ ժողովրդավարական երկրում»,- ասել է Փաշինյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250