Ես նրանց հետ պրոբլեմ ունեմ․ էդ ո՞ւմ սպիրտն են արտահանում․ Պապոյան
Ազգային ժողովի մարտի 3-ի նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն դիտարկմանը, թե կոնյակ արտադրողները Վրաստանում ամիսներով սպասում են արհեստական ձգձգումների պատճառով, հայտարարել է, որ որոշ տնտեսվարողների հարցերով չի զբաղվելու։
«Ունենք երկու տիպի կոնյակ ու կոնյակի սպիրտ արտահանողներ: Ընկերություններ, որոնք վերջին 3-4 տարիներին տասնյակ հազարավոր տոննաներով (ընկերություն կա, որ 100,000 և ավելի տոննա՝ 3 տարի իրար հետ), խաղող է մթերել, ես այդ ընկերության կողքին կանգնած եմ: Տասնյակ հազարավոր տոննա մթերողների կողքին կանգնած եմ:
Կան ընկերություններ, որոնք վերջին 3 տարում խաղող չեն մթերել, բայց չգիտես, թե ոնց միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ են ուզում արտահանել: Այ, ես նրանց հետ պրոբլեմ ունեմ: Էդ ո՞ւմ սպիրտն են արտահանում, եթե մեր գյուղացու խաղողը չեն մթերում: Ինչո՞ւ պետք է նրանց կողքին մենք կանգնենք, էդ ո՞ւմ սպիրտն են նրանք արտահանում, այսինքն՝ գյուղացու խաղողը չեն մթերում, ինչ-որ մեկի սպիրտը առնում են, բերում, տանում են, մի հատ էլ պիտի կողքները կանգնե՞նք: Այ, նրանց կողքը չեմ կանգնելու:
Իսկ նա, ով հայ գյուղացու խաղողն առնում է, մինչև վերջ նրա կողքին կանգնած եմ: Ու կոչ եմ անում՝ Դուք էլ ինձ հետ գաք, գնանք, այդ հարցերը լուծենք: Իսկ ովքեր խաղող չեն մթերում, ու եսիմ ինչով են զբաղված, կներեք, բայց նրանց հարցը մեր հարցը չէ: Ընդհակառակը՝ նրանց գործունեության արդյունքում մեր կոնյակի անունն է ընկնում, մեր պետության անունն է ընկնում»,- ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: