Քաղաքականություն

600 000 քաղաքացու թոշակը կավելանա ուղիղ 10 000 դրամով. Թորոսյան

Ofelya 1 րոպե 187 դիտում
600 000 քաղաքացու թոշակը կավելանա ուղիղ 10 000 դրամով. Թորոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ աշխատանքային քննարկում է անցկացրել թոշակների բարձրացման թեմայով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։


Վարչապետը նշել է, որ Կառավարության առաջիկա նիստում դե յուրե պետք է որոշում ընդունվի թոշակները 10 000 դրամով բարձրացնելու վերաբերյալ և հետաքրքրվել է, թե որ քաղաքացիներին է այն տարածվելու և ում՝ ոչ։


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պարզաբանել է, որ շուրջ 600 000 քաղաքացու թոշակը կավելանա ուղիղ 10 000 դրամով. «Մյուս հատվածի մեջ կան մարդիկ, որոնց դեպքում ավելին է բարձրանում, քան նույնիսկ 10 000-ը։ Եվ այստեղ կա բացատրություն՝ ինչով է դա պայմանավորված: Տարբեր բանաձևերով են հաշվարկվում կենսաթոշակները, և կան երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուներ, որոնց դեպքում բանաձևը մի փոքր այլ է: Այնտեղ մենք երկու ցուցանիշ ենք փոխում, և դրա արդյունքում ստացվում է, որ շատ զինծառայողների դեպքում, օրինակ, կենսաթոշակը կբարձրանա 15.000 դրամով: Ընդհուպ մինչև ունենք դեպքեր, որ ավելի, և շատ քիչ դեպքերում, որոնց կենսաթոշակը նաև արդեն բարձր է, 90.000 դրամից, կբարձրանա, ասենք՝ 5, 6, 7 հազար դրամով»։


Արսեն Թորոսյանը հավելել է. «Այն քաղաքացիները, որոնց ասում ենք ուղիղ 10 000 չի բարձրանում, հիմա 96 000 է միջին կենսաթոշակը, այդ բարձրացումից հետո կդառնա 105000, այսինքն՝ այնուամենայնիվ 8500 դրամի չափով միջինով բարձրանում է, բայց մնացած բոլորինը բարձրանում է ուղիղ 10 000-ով»։


Անդրադառնալով հարցին, թե այս փոփոխությամբ միջին կենսաթոշակը կլինի նվազագույն սպառողական զամբյուղից ոչ ցածր, նախարարը նշել է.  «Մեր վերջին տվյալներով, դա 2025 թվականի երրորդ եռամսյակն է, պարենային նվազագույն սպառողական զամբյուղը 61.768 դրամ է։ Նախորդ եռամսյակի մեր միջին կենսաթոշակը՝ դեռ չբարձրացրած, 49.451 դրամ է։ Եվ մեր այս նոր բարձրացումով այն դառնում է 59.191 միջինը։ Այսինքն՝ միայն կենսաթոշակը՝ առանց հետվճարի կոմպոնենտի, որը մենք կրկին հունվարի մեկից բարձրացրել էինք, արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին: Բայց մենք ունենք նաև հետվճար, որն ակտիվ տարածվում է։ Արդեն ունենք 415 000 քաղաքացի, որ ստանում է այդ հետվճարը, և միջինն այսօր 7000 դրամ է: Երբ գումարում ենք 59000 -ին 7000, արդեն ստացվում է 66000 դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4500 դրամի չափով»։


Նշվել է նաև, որ անկանխիկ առևտրի միջոցով հետվճար ստացող շահառուների թիվը հունվարին հասել է 415 000-ի և ունի աճի միտում։ Ընդգծվել է, որ միջին կենսաթոշակի բարձրացմանը զուգահեռ աճում է նաև հետվճարի միջին չափը, որը կանխատեսումներով կազմելու է 8700 դրամ, և հաշվարկված 66 000 դրամը փաստացի ավելի բարձր կլինի։


Խոսելով 10 000 դրամով թոշակների ավելացման մասին՝ վարչապետը նշել է, որ 2025 թվականի կանխատեսումներով տնտեսական աճը նախատեսված էր 5.1 տոկոս, սակայն արձանագրվել է 7.2 տոկոս, և թոշակների բարձրացումը տնտեսական աճի թվային արտահայտությունն է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250