ԱԺ փոխնախագահը գնացել, հասել էր այնտեղ, ինչ-որ տղայական հաշիվներ պարզելու. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայ եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող գործընթացները «ասպատակություն» և «արշավ» են՝ ուղղված ոչ միայն եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի, այլև ողջ հայ ժողովրդի ու պետականության դեմ։


Նրա խոսքով՝ պատմության ընթացքում հայ ժողովուրդն ու եկեղեցին բազմիցս բախվել են նման հարձակումների՝ հիշատակելով թուրք-մոնղոլական և բոլշևիկյան արշավանքները։ Գալստյանը նշել է, որ Հայ եկեղեցին իր ավելի քան 1700-ամյա պատմության ընթացքում անցել է հոգևոր և ֆիզիկական ծանր փորձությունների միջով, և ներկայիս զարգացումները, իր գնահատմամբ, «թշնամական ձեռագիր» են, որը, ցավոք, դրսևորվում է ներսից։


Պատգամավորը կարծիք է հայտնել, որ եկեղեցու դեմ ակտիվ գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ Գարեգին Երկրորդը Շվեյցարիայում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի իրավունքի, ինչպես նաև Արցախում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Նա այդ գործընթացները բնութագրել է որպես մշակութային ցեղասպանություն՝ նշելով, որ դրանք հաջորդել են ուղղակի ցեղասպանությանը։


Գալստյանի գնահատմամբ՝ Հայաստանի օրակարգերի վրա արտաքին ազդեցությունը «ավելի քան ակնհայտ» է։


Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ վերջերս մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին, որտեղ անդրադարձել է Հայ եկեղեցու նկատմամբ, իր խոսքով, անթույլատրելի հարձակումներին։ Նա ընդգծել է, որ Սահմանադրությամբ եկեղեցին և պետությունը տարանջատված են, և եկեղեցու դեմ գործողությունները, իր համոզմամբ, դուրս են բարոյական և քաղաքական դաշտից։


Անդրադառնալով նրան, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը այցելել էր Սաղմոսավանքիքահանա տեր Օշինին՝ պարզաբանում պահանջելու իր խոսքերի համար, Լիլիթ Գալստյանն ասաց, որ դա հաշվեհարդարի ձեռագիր է. «ԱԺ փոխնախագահը գնացել, հասել էր այնտեղ, ինչ-որ տղայական հաշիվներ պարզելու։ Սա անթույլատրելի վարք է, երբեմն դու գետինն ես մտնում այս վարքից։ Ես միշտ այդ հարցը ունեմ, թե մենք ինչպե՞ս հայտնվեցինք դեգրադացիայի, արժեզրկման, անբարոյականության այս հարթության վրա։ Բայց միևնույն է ես չեմ կորցնում իմ լավատեսությունը։ Նախ եկեղեցին ունի այն ուժը, բարեներոգվելու, հոգեներոգվելու, դիմանալու»,– ասել է նա։

Քաղաքականություն