Քաղաքականություն

Ամենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության. նախագահ

Mariam Z. 166 դիտում
Ամենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության. նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստան կատարած պետական այցի շրջանակում հարցազրույց է տվել հեղինակավոր «Manifesto» պարբերականին։ Նախագահը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի շուրջ իրականացվող քայլերի մասին։


Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Վահագն Խաչատուրյանը հիշեցրել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, որը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ։


«Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, կարող էր անհավատալի թվալ։ Սակայն դա մեկ օրում տեղի չունեցավ։ Դրան նախորդել է բավականին երկար նախապատրաստական փուլ»,- նշել է նախագահը։


Խաչատուրյանի խոսքով՝ բանակցային գործընթացը գործնական արդյունք է տվել նաև սահմանային իրավիճակի առումով։ Նրա տեղեկացմամբ՝ անցած տարվա հունվարի 25-ից ի վեր սահմանների երկայնքով իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն արձանագրվել, մինչդեռ նախկինում սահմանային միջադեպերը գրեթե ամենօրյա բնույթ էին կրում։


Նախագահը անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ սփյուռքի որոշ շրջանակների մտահոգություններին։ Նրա խոսքով՝ արտերկրում հայկական համայնքների հետ հանդիպումների ընթացքում զգացվել է ըմբռնում կառավարության քաղաքականության նկատմամբ։


«Նրանց ներկայացրի Հայաստանի տնտեսական և քաղաքական իրավիճակը։ Զգացի, որ կա ըմբռնում մեր կառավարության քայլերի նկատմամբ։ Ամենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության գերիներ և չկտրվենք իրականությունից»,- ընդգծել է նախագահը։


Հարցազրույցում Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նաև հայ-հունական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները՝ կարևորելով երկկողմ համագործակցության խորացումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250