Ռուբեն Վարդանյանի դատավճիռը արդարադատության նկատմամբ ծաղր է․ Amnesty International
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը Բաքվի դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճիռը որակել է որպես արդարադատության նկատմամբ ծաղր։
«16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճռով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր արդարադատության նկատմամբ։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր նման մի քանի քաղաքացիական անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատավարության երաշխիքների հետ»,- ասվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։
Ստրութերսի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտության զոհերը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և երաշխիքների, որ նման հանցագործություններն այլևս չեն կրկնվի։
«Այս դատապարտումները միջազգային իրավունքով հանցագործությունների բոլոր զոհերի համար վիրավորանք են»,- նշել է նա։
Կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարությունները գործնականում անցկացվել են փակ լսումներով, նրանց դեմ հարուցված գործերը հիմնված են կեղծ ապացույցների վրա, իսկ դատական նիստերը տեղի են ունեցել հայերի համար անհասկանալի լեզվով և պատշաճ չեն թարգմանվել։
Նշվում է նաև, որ «Amnesty International»-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է տեղեկատվություն դատավարության և ապացույցների վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։
«Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշների լիարժեք համապատասխանությամբ»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Բաքվի դատարանը հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործով դատավճիռը, ըստ որի՝ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Մեղադրող դատախազը նրա համար պահանջել էր ցմահ ազատազրկում։
Հավելենք՝ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի ձերբակալվել և տեղափոխվել էր Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանում նրան մի քանի հոդվածներով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...
Շատ վատ օրեր կսպասվեն Իրանին․ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն այլընտր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Ն...