Ծնվածների թվաքանակը նվազել է շուրջ 1524-ով․ ժողովրդագրական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի վատացում. Ավետիսյան

Պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:


«Բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 127%` նվազելով շուրջ 6 տոկոսային կետով,


բնական հավելաճը` ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը կազմել է 6228՝ նվազելով 1383-ով կամ 18 տոկոսով,


ծնվածների թվաքանակը կազմել է 29337՝ նվազեկով շուրջ 1524-ով կամ 5 տոկոսով,


մահացածների թվաքանակը մնացել է գրեթե նույնը,


ամուսնությունների թիվը կազմել է 12672՝ նվազելով 1643-ով կամ շուրջ 12 տոկոսով,


ամուսնալուծությունների թիվը կազմել է 4419՝ աճելով շուրջ 140-ով կամ շուրջ 3 տոկոսով,


0-1 տարեկան նորածինների մահերի դեպքերը կազմել են 207՝ աճելով 16-ով կամ շուրջ 8,5 տոկոսով,


0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերը կազմել են 251՝ աճելով 25-ով կամ շուրջ 11 տոկոսով։


Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարմանը և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:


Սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազում է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի»:

Քաղաքականություն