Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով

Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան իր ավանդական դաշնակիցներին, այդ թվում՝ Հայաստանին, Սիրիային, Վենեսուելային և Իրանին, թողնում է ԱՄՆ-ի բարահաճությանը։


ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը Հայաստանին ապահովում է իրական և նյութական օգուտներ։ Նշվում է, որ համագործակցության շրջանակում առաջացած բոլոր հարցերը լուծվում են փոխադարձ հարգանքի հիման վրա՝ առանց քաղաքական կոնյունկտուրայի ազդեցության։


Միաժամանակ շեշտվել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ՝ բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Մոսկվան աջակցում է Երևանի լիարժեք մասնակցությանը ՀԱՊԿ-ին՝ այն դիտարկելով որպես երկրի անվտանգության անքակտելի բաղադրիչ։


ՌԴ ԱԳՆ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության դերին։


«Ռուսական ռազմաբազան և մեր սահմանապահները Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի անվտանգության կարևորագույն տարրերն են»,- նշվում է հայտարարությունում։

Քաղաքականություն