Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն

Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում հայտնաբերված լայնածավալ տպագրական սխալները ոչ միայն խաթարել են քննական բնականոն ընթացքը, այլև առաջացրել դիմորդների և ծնողների զայրույթը։


Auroranews-ի հետ զրույցում դիմորդներից մեկն ասաց, որ թեստերում բացակայել է մեկ ամբողջական էջ։ Խնդիրը նկատել են հենց աշակերտները և տեղեկացրել հսկիչներին։ Դիմորդները պատմում են, որ քննության մեկնարկից մոտ 1.5 ժամ անց միայն իրենց մոտեցել են և առաջարկել նոր էջեր տպել։


«Մենք լարված ու սթրեսի մեջ էինք։ Քննության կեսին հայտնել, որ թեստը թերի է, և առաջարկել նոր էջեր տպել ուղղակի անընդունելի է»,- նշեց աշակերտուհիներից մեկը։


Բողոքի ալիքը տարածվել է բոլոր մարզերում, քանի որ խնդիրը կրել է համատարած բնույթ։ Դիմորդները պահանջում են լիարժեք վերաքննություն բոլոր տարբերակների համար՝ հավասար պայմաններ ապահովելու նպատակով, և պատրաստվում են դիմել ԿԳՄՍ նախարարին։


Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ընդունում է սխալը, սակայն համարում է, որ խնդիրը հարթված է։ Ըստ կենտրոնի պաշտոնական հայտարարության՝ խոտանված էջերի փոխարեն բաժանվել են ճշգրտված պատճեններ, իսկ տուժած դիմորդներին տրվել է 30-45 րոպե հավելյալ ժամանակ։


Հաշվի առնելով ստեղծված լարվածությունը՝ ԳԹԿ-ն կայացրել է հետևյալ որոշումները.


Կկազմակերպվի նոր քննություն միայն 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստերը եղել են խոտանված։ Դիմորդը կարող է մասնակցել լրացուցիչ քննությանը միայն այն դեպքում, եթե չեղարկի այսօրվա քննության արդյունքը։  Ըստ էության, սա հնարավորություն է տալիս դիմորդներին ընտրել՝ պահպանել այսօրվա գնահատականը, թե փորձել ուժերը նորից։ ԳԹԿ-ից հավելել են, որ նման ծավալի տպագրության դեպքում սխալներ պատահում են, և կարևորն արագ արձագանքն էր։ Լրացուցիչ քննության հստակ օրվա մասին կտեղեկացվի առաջիկայում։

Քաղաքականություն